Աղվան Հովսեփյանի վարկաբեկված կառույցին ոչ ոք չի հավատում. Ստյոպա Սաֆարյանը` ՀԽ-ի անդամների ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները բերման ենթարկվեցին, որից հետո ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Էրեբունի ձերբակալվածների պահման վայր: Տեղի ունեցածի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը հակասահմանադրական է, առանց հիմքերի և այլն:
Armlur.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, Ձեր գնահատականը Ժիրայր Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության վերաբերյալ:

-Ճիշտն ասած` ես կարդացել եմ Ոստիկանության հայտարարությունը: Ոստիկանությունը, կարծես, բացառապես առաջնորդվել է խելագարության կանխավարկածով: Իհարկե, «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել է, որ ապրիլի 24-ից սկսում է, բայց թե ինչ է սկսում կամ ինչ կերպով, հասկանալի չէ, և աբսուրդ է դա կամային մեկնաբանության ենթարկել ու ասել` մենք կանխել ենք հասարակական վայրում անկարգությունները: Սա, ցավոք սրտի, չափազանց տհաճ երևույթ է: Ես հիշում եմ, երբ մենք զանգվածային միջոցառումների հետ կապված օրենքում կատարում էինք փոփոխություններ, ես դեռևս 6-7 տարի առաջ ԱԺ-ում ելույթ եմ ունեցել դրա հետ կապված և ասել`ինչ եք անելու, եթե որևէ մեկն ուզենա բողոքի ակցիա կազմակերպել ապրիլի 24-ին: Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը միանգամայն անկազմակերպ զանգվածային միջոցառում է: Եվ այժմ կամայական մեկնաբանություն տալ, թե ինչ-որ մարդիկ կարող են հասարակական վայրերում անկարգություններ հրահրեն, հակաիրավական, անթույլատրելի գործելաոճ է, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ապօրինի գործողություն կատարած անձինք:
Պարզ և տեսանելի էր, որ իշխանությունը սա անելու էր, բայց իմ համար մի քիչ անհասկանալի էր սա: Ի՞նչ է տալու սա: Արդյո՞ք ժողովուրդը փողոցները լցվելու էր հանուն «Հիմնադիր խորհրդարանի»: Անկեղծ ասած, կասկածում եմ, որ նման սցենար կգնար:

-Այսինքն, իշխանություններն ավելի լուրջ վերաբերվեցին ՀԽ-ին, քան պե՞տք էր:

-Այնպես չէ, որ ՀԽ-ն անլուրջ էր անում: Ես մի փոքր դժվար եմ պատկերացրել: Ժիրայր Սէֆիլյանը պատերազմի բովով անցած հրամանատար է: Եթե քաղաքական պայքարի անունը դնում ես ազատագրում ռեժիմից, ապա մի քիչ անհասկանլի է, թե ինչու էին հակառակորդին հայտարարում հարձակման օրը, ժամը: Իմ համար հասկանալի չէ: Բայց, որևէ մեկս որևէ փաստ չունենք, որ ՀԽ-ն պլանավորում էր օրինախախտում կատարել: Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր առաջնորդվել են խելագարության կանխավարկածով, ի նկատի ունենալով, որ ՀԽ-ի ակտիվ անդամներին մինչև ապրիլի 24-ը բերդերը լցնելն անկարգությունների կանխարգելման նպատակ ունի, կներեք, բայց այդպիսի լիազորություններ չունեն: Եթե Ժիրայրը հայտարարած լիներ, որ բռնության է դիմելու, բռնությամբ են տապալելու, ես կլռեի և գնահատական չէի տա: Բայց ես նման բան չեմ լսել: Հետևաբար աստղագուշակ չի էլի, որ նստեն և ասեն` ինձ թվում է` օրենք են խախտելու: Աղվան Հովսեփյանը և իր կառույցը քննչական կազմով հայտնի է եղել Մարտի 1 «թխելու» և գործ հյուսելու առումով: Որևէ մեկը չի էլ հավատում դրան: Եթե իրենց լսեինք, իրենք ասում էին` Ազատության հրապարակում միջուկային ռումբ է եղել: Այդ ամեն ինչն ասողն այնքան վարկաբեկված մարդ է, այնքան վարկաբեկված կառույց, որքան էլ նորաստեղծ լինի: Նրանց քննիչները հայտնի են մի շարք գործեր «թխելու» առումով:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս