Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությանը և զուգահեռներ անցկացրեց նրանց ու Վալերի Պերմյակովի ձերբակալության միջև:
Պատգամավորը նշեց, որ Ավետիսյանների սպանության օրն ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն անգործության են մատնվել, ինչի հետևանքով էլ Պերմյակովին ձերբակալել են ռուս իրավապահները: Անդրադառնալով արդեն Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալմանը, Փոստանջյանը նշեց, որ ԱԱԾ-ն և Աղվան Հովսեփյանն այն մարդիկ են, որ պետք է գնան 102-րդ ռազմաբազա, ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դիմեն ռեպրեսիաների:
«Պարո´ն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը, գնահատում ենք, բայց ավելի լավ է, որ դուք վախենաք Յանուկովիչի և Քադաֆիի ճակատագրից, դա ձեզ սպառնում է: Անկախ նրանից` ում նկատմամբ հետապնդում կիրականացնեք, ինչ կանեք, միևնույն է, այս հարցերը օրակարգում մնում են: Սթափվե´ք և ինքներդ հեռացե´ք, թո´ւյլ տվեք, որ մարդիկ այս երկրում ապրեն արժանապատիվ», – նշեց նա` հորդորելով Սերժ Սարգսյանին, որ վերջինս հեռանա առանց արյուն թափելու: