Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը` ձերբակալությունների պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից բերման են ենթարկում և ձերբակալում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին: Քննչական կոմիտեն այս ամենի առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից:

Հայտարարությունում նշվում է նաև, որ գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ՀԽ անդամները ձերբակալվել են, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը խժդժություններ չլինեն: Եվ իսկապես, հայացք գցելով վերջին իրադարձություններին` տեսնում ենք, որ Հայաստանում հեղափոխական կոչեր իրականացնողներին բերման են ենթարկում հենց ՌԴ նախագահի այցից առաջ:

Վերհիշենք թեկուզև 2013թ. նոյեմբերը, երբ ձերբակալվեց, ապա դատապարտվեց հեղափոխական հայտարարություններով աչքի ընկնող Շանթ Հարությունյանը: Հենց այդ օրերին ակտիվորեն քննարկվում էր ՌԴ նախագահի` Հայաստան այցի մասին, որն էլ եղավ արդեն դեկտեմբերի սկզբին:

Պուտինին Հայաստանում խանգարելու մասին հայտարարել էր Շանթ Հարությունյանը, ով հեղափոխության մեկնարկ էր հռչակել: Ամենևին էլ պատահական չէր, որ հենց այդ օրերին տեղի ունեցավ հայտնի բախումն ու նրա ձերբակալումը: Այս անգամ իրավիճակը կրկին նույնն է. նախատեսվում է, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահը: «Հիմնադիր խորհրդարանը» մշտապես հայտարարել է հենց այդ օրվանից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մտադրության մասին: Սակայն, ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ և ՀԽ անդամները` այդ թվում Ժիրայր Սէֆիլյանը, ձերբակալվեցին:

Տրամաբանության սահմաններում կլիներ, եթե նրանց ձերբակալեին Գյումրի և Բերձոր այցելությունների ժամանակ: Այդ դեպքում անունը կդնեին «իշխանական ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն», այլ ոչ թե հիմա, երբ ՌԴ նախագահի այցին հաշված օրեր են մնացել: Ավելին, երբ այսօր ՌԴ արտգործնախարարը գնացել է Մոսկվա:

Բոլորս էլ հասկանում ենք, որ ո´չ Ժիրայր Սէֆիլյանը, ո´չ էլ Շանթ Հարությունյանը չէին կարող Հայաստանում իշխանափոխություն կատարել, պարզապես այս կերպ Սերժ Սարգսյանն իր ծառայություններն է մատուցում Վլադիմիր Պուտինին և փորձում ցույց տալ, թե ՌԴ նախագահի անվտանգ այցի համար պատրաստ է ամեն ինչի: Միաժամանակ Սերժ Սարգսյանը ցանկանում է ցույց տալ Մոսկվային, որ եթե չլինի իր և իրավապահ մարմինների ագրեսիվ միջամտությունը, ամերիկյան կողմը Հայաստանում կարող է իրավիճակի տեր դառնալ:




Լրահոս