Ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթով է հանդես եկել, որում Սերժ Սարգսյանից խնդրում է թույլտվություն թվով 300 երդվյալ ազատամարտիկների՝ ի խոնարհումս Հայոց ցեղասպանության հիշատակման 100-ամյա տարելիցին, ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, իրենց առաքելությունը կատարեն Արցախի սահմանային ամենավտանգավոր պաշպանական դիրքերում` լինելով զինվորի կողքին:
Ուշագրավ է, որ Ռուբեն Գևորգյանն իր ելույթում Սերժ Սարգսյանին դիմում է «ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար» այն դեպքում, երբ նախկինում երբեք չէր օգտագործել այդ տերմինները:
Ինչ փոխվեց, ինչը «ստիպեց» Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ, այժմ արդեն ընդդիմադիր ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին սկսել նման կերպով դիմել Սերժ Սարգսյանին և նրանից թույլտվություն խնդրել դիրքեր բարձրանալու համար: Դեռևս տարվա սկզբում, երբ հակառակորդը բավական ակտիվորեն խախտում էր հրադադարը սահմանին, Երդվյալ ազատամարտիկները հայտարարում էին, որ պատրաստ են մեկնել դիրքեր, առանց որևէ մեկի թույլտվությունը հարցնելու:
Թերևս, պատճառները կարող են մի քանիսը լինել, այդ թվում ` պահպանել իր միությունը, քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «չեզոքացումից» հետո, վերջինիս շուրջ համախմբված ազատամարտիկները ցրվեցին և սկսեցին առանձին գործունեություն ծավալել: Նաև նշենք, որ այն շրջանում, երբ ԲՀԿ-ից ակտիվորեն դուրս էին գալիս պատգամավորները, Գևորգյանը համառորեն խուսափում էր պատասխանել լրագրողների հարցերին` պատրաստվում է դուրս գալ կուսակցությունից, թե ոչ: