Վրացական Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ իրականացված սարսափելի բռնությունների կադրերի ցուցադրումից հետո երեկ Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ` պահանջելով անհապաղ պատժել բոլոր մեղավորներին: Հիշեցնենք, որ վրացական «Մաեստրո» եւ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունները ցուցադրել են կալանավորներին ռետինե մահակներով բռնաբարությունների տեսագրությունները, որոնք փոխանցել է այժմ Բրյուսելում ապաստան գտած Գլդանի բանտի նախկին աշխատակիցը: Նա Վրաստանի հանրային հեռուստաընկերությանն ասել է, որ տեսագրությունները կատարել է բանտապետի հրամանով` 2011թ-ին: Ի պատասխան՝ Վրաստանի գլխավոր դատախազը շտապել է հայտարարել, որ այդ տեսանյութերը երրորդ անձանց են հանձնել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համակիրները: Եվ փոխանակ անդրադառնալու իր խայտառակ գործունեությանը, որի արդյունքում վրացական բանտերում հնարավոր են նման ահասարսուռ, այն էլ` զանգվածային դեպքեր, Վրաստանի գլխավոր դատախազը ձեռնամուխ է եղել քաղաքական հայտարարություններ անելուն: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ նման սկանդալը կարող է որոշակի կապ ունենալ ընդդիմության հետ: Սակայն անվիճելի է, որ եթե անգամ դա ընդդիմության ձեռքի գործն է, դրանից այդ կադրերը չեն դադարում պակաս դաժան եւ անթույլատրելի լինել: Այս առումով Վրաստանի իշխանությունները շատ չեն տարբերվում ՀՀ իշխանություններից, որոնք ընդդիմության կողմից բարձրացվող ցանկացած ահազանգ որակում են իբրեւ դրսից եկած պատվեր: Եվ քանի որ առաջիկայում ՀՀ-ում եւս նախագահական ընտրություններ են, թերեւս արժե զուգահեռ անցկացնել եւ մի պահ պատկերացնել` ինչ կլիներ, եթե նման տեսագրություններ լինեին` արված ՀՀ կալանավայրերում: Գաղտնիք չէ, որ մեր ՔԿՀ-ներում էլ են առկա բռնության դեպքեր, գուցե ոչ այդքան դաժան, իսկ գուցե` շատ ավելի: Խնդիրն այն է, սակայն, որ այստեղ այդ ամենն իրականացվում է շատ ավելի կոշտ վերահսկողության ներքո: Եվ եթե անգամ ՀՀ ՔԿՀ-ներից նման տեսագրությունների արտահոսք էլ լիներ, ՀՀ եւ ոչ մի հեռուստաընկերություն չէր համարձակվի դրանք ցուցադրել: Նախ` դրանով այն լրջորեն կվտանգեր իր ապագան, քանի որ Բաղրամյան 26-ի հրահանգով բոլոր գովազդատուները կխզեին իրենց պայմանագրերն այդ հեռուստաընկերության հետ, իսկ ՀՌԱՀ-ը միանգամից մի քանի խախտումներ կհայտնաբերեր եւ հսկայական տուգանքներ կնշանակեր` այդպիսով այդ հեռուստաընկերությունը սննկացնելու վտանգի առաջ կանգնեցնելով: Սակայն սա հարցի մի կողմն է, ընդ որում, ոչ ամենավատը: Խնդիրն այն է, որ եթե որեւէ հայկական հեռուստաընկերություն նման կադրեր ցուցադրեր, ապա հասարակության մի ստվար զանգվածի կողմից կմեղադրվեր հայրենիքին դավաճանելու մեջ: Եվ Հայաստանն աշխարհով մեկ խայտառակ անելու ու ազերիների ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքների շարանում ոչ ոք չէր կարեւորի այն փաստը, որ այդպիսով մեր երկիրը ոչ թե խայտառակ է լինում, այլ առողջանում: Իսկ վրացիները, ինչպես երեւում է, նաեւ այս հարցում են մեզանից առաջ:
ԱՌՈՂՋԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ