ՀԱԿ-Ը ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿՀՐԱՎԻՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն իր խոստացված սեպտեմբերյան հանրահավաքը կանցկացնի հոկտեմբերին: Իսկ նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռեւս որեւէ որոշում չի կայացվել:
-Տիկի՛ն Սարգսյան, ՀԱԿ-ը խոստացել էր սեպտեմբերին հանրահավաք հրավիրել, սակայն հետաձգվում է: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է Կոնգրեսը պասիվացել:
-Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս չի հայտարարել՝ արդյոք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ, հետեւաբար սպասում ենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն, նաեւ կստուգենք մեր հնարավորությունները մասնակցության մասով, որից հետո հանրահավաք կլինի: Ես կարծում եմ, որ հանրահավաքը պետք է անել հոկտեմբերի 10-ի հատվածում, պատճառն էլ արդեն նշեցի, որ զարգացումները դեռեւս կիզակետին չեն հասել:
-Այսինքն՝ դեռեւս շո՞ւտ է հանրահավաք հրավիրելու համար:
-Այո՛, մենք գտնում ենք, որ շուտ է, մենք ասել ենք սեպտեմբերին, բայց կանենք հոկտեմբերին, այդտեղ ոչ մի պրոբլեմ չենք տեսնում:
-Ի՞նչ նախադրյալներ պետք է լինեն, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:
-Հիմա ես չեմ կարող այդպես մանրամասների մեջ խորանալ եւ իմաստ էլ չեմ տեսնում: Բազմաթիվ պայմաններ են պետք, ամեն դեպքում, որոշումը կայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր անձի մասով:
-Այժմ ՀԱԿ-ում քննարկումներ ընթանո՞ւմ են՝ Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված:
-Քննարկումն ավելի շատ ընթանում է ընդհանուր երկրում ստեղծված իրավիճակի մասին, վերլուծվում են քաղաքական դիրքորոշումները:
-Երեկ ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրել, ի՞նչ քննարկեցիք նիստի ընթացքում, ո՞րն էր առանցքային թեման:
-Քաղխորհրդի հարցով ոչինչ չեմ պատասխանելու, խնդրում եմ՝ դիմե՛ք Լեւոն Զուրաբյանին:
-Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստ էր հրավիրել, որի ժամանակ անխնա քննադատեց կառավարության աշխատանքն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին…
-Ինձ համար դա երեք արարողությամբ ներկայացում էր, որը շատ լավ կազմակերպված էր՝ չնայած արդեն չի աշխատում: Ս. Սարգսյանը փորձում է նախընտրական քարոզարշավ տանել եւ իր իսկ ստեղծած թիմին քննադատելով՝ աչքի ընկնել: Ընդամենը լավ շոու էր կազմակերպված:
-Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքն անընդհատ սպասել է, որ փոփոխություններ կլինեն, տարիների ընթացքում կառավարությունը պետք է ավելի լավ արդյունք ցուցաբերեր, բայց ոչինչ չի փոխվել:
-Դա զուտ բեմականացում էր, որով փորձում էր ցույց տալ, թե ինքը ինչ վճռական է, ինչ պահանջատեր է, թե այսքան տարիների ընթացքում այդ թեմաները շոշափվում էին, բայց հարցերը չեն լուծվել: Շատ ներողություն, եթե 4 տարի է՝ դու տեղյակ ես, որ այս կառավարությունն ի վիճակի չէ քո դրած խնդիրները լուծել, այդ դեպքում ինչո՞ւ ես նորից նույն վարչապետին նշանակում: Այստեղ մի պարզ բան կա. ամեն ինչ գլխավորում է ինքը, ամեն ինչից տեղյակ է ինքը եւ իզուր է փորձում իրեն մաքրել երկրում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացներից: Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե որ ոլորտում ինչքան են վերահսկվում հենց իր կողմից, իր եղբոր կողմից: Վերահսկիչ պալատը տարիներ շարունակ տվյալներ է ներկայացրել, ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ ոք պատժված չէ, եթե այդքան վճռական է Ս. Սարգսյանը: Մարդը, ուրիշներին գցելով, փորձում է իր կշիռը բարձրացնել:
-Նշվում է, որ Սերժ Սարգսյանը, վարչապետին քննադատելով, փորձում էր սիրաշահել ԲՀԿ-ականներին:
-Եթե Սերժ Սարգսյանը պահանջեր Տ. Սարգսյանի հրաժարականը, այդ դեպքում հաստատ կգոհացներ ԲՀԿ-ին, այս դեպքում ԲՀԿ-ն էլ միամիտ չէ: Դժվար թե ԲՀԿ-ն բավարարվի դրանով, մտնի կոալիցիայի մեջ կամ սատարի Ս. Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ն կոնկրետ դժգոհում է վարչապետի գոյությունից, եթե վարչապետը շարունակում է իր աշխատանքը եւ հրաժարական չի տալիս, ապա ԲՀԿ-ն չի կարող գոհանալ այդ ներկայացումով: Իսկ ինձ որքան հայտնի է, ԲՀԿ-ն պահանջում է Տ. Սարգսյանի հրաժարականը՝ պայմանը դա է: Այս ներկայացումով անգամ ժողովրդին չեն կարող խաբել, ուր մնաց, թե ԲՀԿ-ին խաբեն, այնտեղ էլ մտածող մարդիկ քիչ չեն: Հավանաբար պետք է նոր բան մտածել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս