ՓԱԿ ՇՂԹԱ Է. ՆՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ «ԾՆՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերժ Սարգսյանի ելույթը ցույց տվեց, որ ինքը հասել է մի կետի, որից հետո անհնարին է ղեկավարել երկիրը, իսկ նախագահի թիմը աշխատանքները ձախողել է»,-երեկ նման կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով կառավարությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը:
Իգիթյանի խոսքրեով՝ սա ամենեւին էլ նախընտրական քարոզչական քայլ չէ: «Ես չեմ ուզում համարել, որ սա նախընտրական քայլ է, ես չեմ համարում դա փիառ երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ հասարակությունը քիչ դեր ունի ընտրություններին, եւ Հայաստանում ընտրվում են՝ ոչ թե հասարակությանը դուր գալով, այլ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը եւ գումարը: Խոսքն այն մասին է, որ արդեն երկար ժամանակ Հայաստանում գործող նախագահը ուզում է մի բան փոխել եւ հանձնարարություն է տալիս կառավարությանը, իսկ վերջինս կա՛մ չի ուզում դա անել, կա՛մ չի կարողանում անել,-ասաց նա՝ հավելելով,-եթե վերջինս չի կարողանում իր ընտանիքին ու ընկերներին սաստել, ուրեմն պետք է հրաժարական տա»:
Այս տեսանկյունից Իգիթյանն անդրադարձավ նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին եւ կարծիք հայտնեց, թե Սերժ Սարգսյանը միակն է, ով ունի ադմինիստրատիվ ռեսուրս ու գումար, որոնք էլ կփորձի ներդնել 2013թ. նախագահի ընտրություններում՝ հաջողության հասնելու համար: Ըստ այդմ էլ, Իգիթյանի կարծիքով, Ս. Սարգսյանն ունի ընտրություններում հաղթելու հնարավորություն: «Ուրիշ հարց, եթե լիներ մեկը, ում ժողովուրդը շատ վստահեր, կաշառքը չվերցներ, տուրք չտար ադմինիստրատիվ ռեսուրսին, վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ չկա այդ մեկը»,-նշեց նա:
ՀՀՇ վարչության անդամն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կառաջադրի Քոչարյանի թեկնածությունը, Իգիթյանը նշեց, թե բացառում է նման զարգացումը, քանի որ հակառակ դեպքում ԲՀԿ-ն կհեղինակազրկվի: «Ինքը նույնիսկ ՀՀԿ-ի թեկնածուն չի լինի, կարող է նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուն չլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ Քոչարյանը չունի քաղաքականություն վերադառնալու որեւէ շանս: Ռ. Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն երկու տարի հետո, այն էլ որպես ՀՀ վարչապետ:
Եւս մեկ հանգամանք. ՀՀՇ վարչության նախագահը կարծիք հայտնեց, թե Հայաստանում փակ շղթա է, ինչը թույլ չի տալիս, որպեսզի նոր քաղաքական գործիչներ ի հայտ գան:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս