ՔԱՄԻ ՏԱՏԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանն ընդդիմադիր դառնալու բավական լուրջ ներուժ ունի. կառավարությունում անցկացրած վերջին խորհրդակցության ժամանակ նրա հնչեցրած գնահատականներին այսօր կնախանձեին անգամ շատ ընդդիմադիր գործիչներ:
Միայն թե սա առաջին անգամը չէ, երբ Սերժ Սարգսյանն այս կամ այն ոլորտի վերաբերյալ հանդես է գալիս անխնա քննադատությամբ. նրա պաշտոնավարման ողջ ընթացքում բազմիցս ենք ականատես եղել դեպքերի, երբ դիտողություններից, թերություններն ու բացթողումները մատնանշելուց հետո վերջում ազդարարել է. «Այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը»: Ազդարարել է, բայց այդպես էլ որեւէ մեկն ականատես չի լինում գործողությունների:
Շատերը կհիշեն Ս. Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ կուսակցության հանդիսավոր նիստի ժամանակ, երբ բառեր չխնայեց քննադատելու համար երկրում տիրող կոռուպցիան ու կաշառակերությունը, նաեւ ասաց, որ նման երեւույթները պետք է արմատախիլ արվեն, ինչպես եղավ հարեւան հանրապետությունում՝ Վրաստանում: «Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները հաստատապես դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն: Կուսակցությունը չի կարող որեւէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցությունը որեւէ մեկիս անձնական ինչ-ինչ խնդիրների լուծման համար չէ»,-2010թ. դեկտեմբերի 18-ին ասել էր նա:
Արդարադատության խորհրդում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ եւս Ս. Սարգսյանն անխնա քննադատել էր դատական համակարգը: Վերջին նիստը մեկ ամիս առաջ էր՝ օգոստոսին. «Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է ե՛ւ նրա անկախությունը, ե՛ւ, բնականաբար, անաչառությունը… Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը»: Իսկ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ էլ ասել էր. «Շատ դեպքերում, երբ թյուրիմացություններ, թերություններ են լինում, հանցագործություններ են կատարվում, միշտ լսում ենք նույն պատճառաբանությունները: Բայց սա բավարար չէ: Իրոք, բավարար չէ: Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս հետո՝ նույնանման դեպք, եւ նույն պատճառներն են ներկայացվում: Անհրաժեշտ է նախանշել եւ մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ եւ դրանցից բխող դրական արդյունքներ»: Իսկ ընդհանրապես, այս գործելաոճը նրա համար ամենեւին էլ նորություն չէ. 2007թ. ապրիլի 12-ի նիստի ժամանակ, երբ Ս. Սարգսյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետ, կառավարության անդամներին խնդրել էր աշխատել ավելի կարգապահ, ավելի մեծ պատասխանատվությամբ:
Հոխորտանքների այս շարքը կարելի է երկար շարունակել: Մինչ այդ արձանագրենք՝ ամեն անգամ Ս. Սարգսյանը քննադատությունից այն կողմ չի անցել. այլ կերպ ասած՝ նա ընդամենը քամի է տատանել: Իսկ եթե եղել են ինչ-որ պաշտոնանկություններ, ապա պատճառը եղել է բացառապես իշխանության ներսում հաստատված գողական աշխարհին հատուկ կանոնները խախտելը կամ էլ ռեժիմի պարագլուխներից հավելյալ եկամուտները թաքցնելը:
Հ.Գ. Ենթադրվում էր՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալից հետո ՀՀ իշխանությունները կպատժեն այն անձանց, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել դա, մանավանդ կառավարությունում Ս. Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո: Մինչդեռ առայսօր ո՛չ ԱԳՆ, ո՛չ ԱԱԾ որեւէ ներկայացուցիչ չի պատժվել, որեւէ մեկը պաշտոնանկ չի արվել: Անգամ Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին հետ չկանչեցին այս դիվանագիտական սկանդալի պատճառով: Հետաքրքիր է՝ ավելի խայտառակ ինչ ձախողում պետք է լիներ, որ Սերժ Սարգսյանը որոշեր պաշտոնանկ անել մեղավորներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս