ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՍԵՐԴՅՈՒԿՈՎՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, որը ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:
ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւանում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաեւ մայրաքաղաքում նոր տեղադրված արագաչափ սարքերը` Սիլիկյան, Պարույր Սեւակի, Ռուբինյանց եւ Դավիթ-Բեկի փողոցներում:
ԲԱՑԻ ՀՀԿ-ԻՑ ԵՎ ՕԵԿ-ԻՑ
ՀՀՇ կուսակցության երիտասարդական միության գործադիր մարմնի անդամները երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել են այն նամակների պատասխանները, որոնք ուղղվել էին խորհրդարանական ուժերի երիտասարդական թեւերին: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի երիտասարդական թեւերը քննադատում են ՀԱԿ եակտիվիստների դեմ կայացված դատավճիռը։ Չեն միացել միայն ՕԵԿ եւ ՀՀԿ երիտասարդական թեւերը` նշելով, որ ապացույցները բացակայում են, որպեսզի իրենք կանգնեն ՀԱԿ ակտիվիստների կողքին եւ միանան պայքարին:
ՆԻԿՈԼԸ` ՆԱԽԱԳԱՀ
Ինչպես եւ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր դեռ երկու ամիս առաջ, երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Վարդգես Գասպարիի դիմումի քննությունը:
ՓՈԽՈՒՄ Է ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրենք՝ ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին՝ լուսադեմին, Չարենցի փողոցում գտնվող «Ակապելա» կարաոկե ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` մի խումբ երիտասարդներ, որոնց թվում եղել են նաեւ աղջիկներ, վեճի են բռնվել, ինչին միջամտել են ակումբի աշխատակիցները: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, եւ միայն իրավապահների միջամտությամբ է հնարավոր եղել իրավիճակը հանդարտեցնել: Կողմերը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: Ոստիկանները 5-6 հոգու բերման են ենթարկել Կենտրոնի բաժին:
ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱՑՐԵԼ
«2011թ. մեկնարկած հակակոռուպցիոն երկամյա ծրագիրն արդեն 75 տոկոսով ի կատար է ածվել, գրանցվել են շոշափելի արդյունքներ»,-այս մասին երեկ ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա գնահատմամբ` ընդունելության քննությունների վերացման շնորհիվ եւս կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը. «Այս ուղղություններով մենք շոշափելի, տեսանելի փոփոխություն ունենք, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ վերացրել ենք կոռուպցիոն ռիսկերը»:
ՀՐԴԵՀԵ՞Լ ԵՆ
Երեկ հրդեհ է բռնկվել Գյումրու Հաղթանակի պողոտայի եւ Մայակովսկու փողոցների հատման անկյունում գտնվող «Պուրակ» սրահում, որտեղ տեղակայված են Վարդան Ղուկասյանի մոտ ընկերներին` Հովհաննես եւ Վարդան Մարտիրոսյաններին պատկանող «բիստրոն» եւ խմորեղենի արտադրամասը: Առայժմ հրդեհի պատճառը հայտնի չէ: Ի դեպ, Մարտիրոսյան եղբայրներին են պատկանում նաեւ Գյումրու մի քանի խոշոր ռեստորաններ եւ Ձիթողցոնոց տուն-թանգարանի անմիջական բակում գտնվող հացատունը: