Դատախազությունն ընդդեմ վարչապետի հոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ: Դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ: Ի դեպ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին վարչապետի հոր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով, ինչը գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է:

Եվ այսպես՝ դատախազությունը դատարան ներկայացրած հայցում գրել է, որ 2010թ. հուլիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արմոն Օհանջանյան Նամագերդին մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել 12 միլիոն 477 հազար 120 դրամ արժողության ապրանքներ (նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ եւ նուշ): Տեղեկացանք նաեւ, որ մաքսանենգության փաստի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը:

Ավելի ուշ քննիչը որոշել է՝ մաքսանենգությամբ մեր երկիր բերված ապրանքները ի պահ հանձնվեն «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին: Սակայն կարճ ժամանակ անց պիստակը, սիսեռը եւ մյուս ապրանքները մկները կերել են ու վնասել ներկրված գույքը: Պարզվում է՝ դատարանը չի հավատացել կրծողների վարկածին եւ որոշել է պարզել՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված ընդեղենը կարո՞ղ էր այդ պահեստում պահպանել իր ապրանքային տեսքը եւ պիտանի լինել օգտագործման համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս