Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Ժողովուրդ»-ը տեղեկություն ստացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում գտնվող երկու դատապարտյալների հետ ալկոհոլ օգտագործելուց հետո բուժակ Ներսես Մարտիրոսյանը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն վերջինիս սիրտը մտցնել: Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակ Հակոբյանի ձեռքը: Վերջինս չի բացառել, որ իր դեմ մահափորձն իրականացվել է «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի դատապարտման պատճառով:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մ. Հարությունյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար (178-րդ հոդվ. 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետեր, որի սանկցիան նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում):
Ըստ մեղադրանքի` Մարեկը, աշխատելով ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում որպես պետի տնտեսական գծով տեղակալ, 2011թ. հոկտեմբերից 2012թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում չարաշահել էր նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վստահությունը եւ խաբեությամբ, կաշառք տալու պատրվակով վերջինիս կնոջից` տուժող Հայաստան Սահակյանից, հափշտակել 4000 դոլար գումար: Մարեկը, փոխվստահելի հարաբերություններ ստեղծելով Արտակի հետ, տեղեկացել էր նրա հիվանդության ախտորոշման մասին եւ օգտվել առիթից. պետի տեղակալը հասկացել էր, որ իրական անհրաժեշտություն է առաջացել բուժման նպատակով նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, չարաշահել էր նրա վստահությունը եւ Ա. Հակոբյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու, նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կրճատելու, իսկ հետո պատժի կրումից վաղաժամկետ ազատվելու հարցերը կաշառքով լուծելու մասին կեղծ խոստումներ տալու միջոցով վերջինից գումար էր պահանջել եւ ստացել:
Գումարի վերջին չափաբաժինը ստանալուց անմիջապես հետո Մարեկը ձերբակալվել էր, ապա` կալանավորվել: Դատարանում ամբաստանյալն ընդունել էր մեղքը, զղջացել եւ խնդրել անցկացնել արագացված դատաքննություն` մասամբ (600 հազ. դրամի չափով) վերականգնելով տուժողին հասցված վնասը: Ու թեեւ Արտակն ասել էր, որ Մ. Հարությունյանից ինքը բողոք չունի եւ խնդրել էր նրան մեղմ պատժել, այդուհանդերձ Արտակի նկատմամբ ճնշումները կարծես թե չեն դադարել: Չմոռանանք նշել, որ «միջադեպի» օրը` սեպտեմբերի 18-ին, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մ. Հարությունյանի գործով նիստ էր նշանակված, որը կարող էր «միջադեպի» հրահրմանը նպաստող հանգամանք լինել:
Եթե այս տեղեկատվությունը փորձենք ի մի բերել, ապա առնվազն երկու տրամաբանական հարց կարող է առաջանալ. ինչո՞ւ էին Արտակն ու նրա հարազատները հանկարծ որոշել բողոքել, եւ ինչո՞ւ են «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալի «մուռը» «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «հանում»: Հանուն արդարության նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` «Գորիս» ՔԿՀ-ում Արտակն իսկապես «ՎԻՊ» պայմաններում էր ազատազրկումը կրել, նրա համար խնդիրներ չէին առաջացել մինչեւ այն պահը, երբ «Գորիս» ՔԿՀ-ի ղեկավարության որոշ անդամներ նրանից ավելի մեծ ակնկալիքներ էին ունեցել, եւ Արտակի «ոչ»-ը կամ ընդվզումը նրանց դուր չէր եկել: Նրան տեղավորել էին ավելի վատ պայմաններում` ՍՊԻԴ-ով հիվանդ դատապարտյալ Գագիկ Վասիլյանի հետ նույն խցում, եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արտակն այդտեղից պրծնելու համար ընդունի իրենց առաջարկը:
Եւ այստեղ Մարեկը 4000 դոլար «կաշառքի» առաջարկ էր արել: Քանի որ մոտենում էր նաեւ «Գորիս» ՔԿՀ-ի պետի` թոշակի անցնելու տարիքը, կարծես թե հավակնություններ կային նաեւ պետի պաշտոնը զբաղեցնելու: Հենց այդ աթոռն էլ զբաղեցնելու հարցում ավելի վաղ շրջանառված խոսակցություններում նշվում էր 15 հազ. դոլարի մասին: Թե որքանով էին այդ խոսակցություններն իրականությանը համապատասխանում, ումից պետք է 15 հազ. դոլար վերցնեին եւ ում տային, հայտնի չէ, կարելի է ընդամենը ենթադրություններ անել, քանի որ նման բաներն ապացուցելու համար առնվազն իրավապահ համակարգի աշխատակից պետք է լինես, դատարանի թույլտվությունն էլ ձեռքդ, որպեսզի կարողանաս գաղտնալսումներով կամ այլ մեթոդներով ապացուցել փաստը: Այդ լիազորությունը շարքային քաղաքացին, լրագրողը չունեն: Իսկ եթե այս խոսակցությունը ճիշտ է, ապա հասկանալի է, որ Մ. Հարությունյանի դեպքով ոչ միայն «Գորիս» ՔԿՀ-ն է խոցելի դառնում, այլեւ քրեակատարողական վարչության ողջ համակարգը: Ուստի վարչության «հեղինակությունն» անսասան պահելու համար միանգամայն հնարավոր է, որ «Գորիս» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին ճնշեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որպեսզի այն սասանող արտակհակոբյաններ քիչ լինեն եւ լռությամբ «մուծվեն» այնքան, որքան նրանցից ուզում են:
Վերջում հավելենք «Ժողովուրդ» օրաթերթին հասած այն տեղեկությունը, որ Մարեկ Հարությունյանին բռնելուց հետո վերջինիս հարազատները նրան ազատելու միջնորդության խնդրանքով դիմել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն նա Մարեկի համար միայն դրական բնութագիր էր տվել դատարան ներկայացնելու համար եւ հրաժարվել էր խառնվել ազատման գործերին:
Հ.Գ. Իսկ ԱՆ քրեակատարողական վարչությունից հերքեցին Արտակ Հակոբյանին «վնասվածք հասցնելու» փաստը:
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-ՈՒՄ ԲՈՒԺԱԿԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵ՞Լ Է ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ