ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆԵՐԻՆ ԴԻՄԱԴՐՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Շենգավիթ համայնքը յուրահատուկ է հանցագործությունների տեսակով: Այստեղ ավազակային հարձակումներ, խոշոր գողություններ սովորաբար չեն լինում, բայց ով հասնում` ոստիկաններին դիմադրություն է ցույց տալիս, ինչպես մարմնավաճառ Գյուլիզարը:
Վերջինս ամիսներ առաջ «Նաիրի» մարզադաշտի պատերի տակ ճանկռել էր հասարակական կարգը պահպանող ոստիկանին «իր հացը կտրելու» համար եւ ենթարկվել վարչական տուգանքի:
Իսկ ահա ալկոհոլային խմիչքով «կոկոները» տաքացրած երիտասարդներին` Ալեն Դավթյանին ու նրա ընկեր Շահեն Մաթեւոսյանին, դուր չէր եկել, երբ այս տարվա մարտի 27-ին՝ գիշերվա ժամը 02:15-ի սահմաններում, գնացել էին Վերին Շենգավիթ փողոցի տներից մեկում ապրող Արփինեի տուն, բայց դարպասը բացող չէր եղել: Եւ տղաները «դիմադրությունը» սկսել էին տան դարպասից. միասին կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել շրջակա տների բնակիչների նկատմամբ` պահանջելով բացել դուռը:
Տանտիրուհու կանչով դեպքի վայր էին ժամանել Շենգավիթի ոստիկանության բաժնի աշխատակիցներ Բաբկեն Ալավերդյանը, Թորգոմ Բադալյանը, Արմեն Մովսիսյանը եւ փորձել կանխել Ալենի ու Շահենի խուլիգանական գործողությունները: Սակայն վերջիններս մոռացել էին դարպասը եւ չենթարկվելով ոստիկաններին՝ սկսել դիմադրել նաեւ նրանց` սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով: Շահենը բռունցքով հարվածել էր ոստիկան Բաբկենի ծնոտին, ապա պատռել նրա վերնաշապիկը, իսկ Ալենը փորձել էր բռունցքով հարվածել ոստիկան Արմենին, սակայն վերջինս կանխել էր դա: Բայց դրանով Ալենն ու Շահենը չէին բավարարվել. շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ նրանք մոտեցել ու «դիմադրություն էին ցույց տվել» անգամ ոստիկանների գույքին: Գլխով հարվածել էին դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների «Գազել» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելուն եւ դռանը: Ի վերջո, շուրջ 15-20 րոպե անց ոստիկաններին  հաջողվել էր Ալենին եւ Շահենին բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ մաս, որտեղ վերջիններս նոր ոստիկաններ էին տեսել եւ շարունակել հայհոյանքները նաեւ նրանց հասցեին:
Հաջորդ «դիմադրողը» 42-ամյա Արմեն Հարությունյանն է. նա էլ մեղադրվում է 2012թ. մայիսի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Եղբայրության փողոցի 15 շենքի մոտ խուլիգանություն կատարելու մեջ: Նա սկզբում հասարակական վայրում իր շուրջը հավաքված քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել, իսկ երբ ժամանել էին ՊՊԾ գնդի ոստիկանները եւ փորձել կարգի հրավիրել, Հարությունյանը հայհոյանքներ էր տվել նրանց հասցեին, զազրախոսել, որից հետո պատռել ոստիկանի ծառայողական համազգեստն ու շապիկը, պոկել ուսադիրը ու ձեռքով հարվածել վերջինիս:
Հ.Գ. Խուլիգանության մեջ մեղադրվող Ալենը, Շահենը եւ Արմենը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 6 տարվա ազատազրկման դատապարտվեց:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս