Իսրայելական The Jerusalem Post պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին անդրադարձել է հայերի պատմության այս մռայլ կետին: Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Այս ամիս նշվում է Հայոց ցեղասպանության՝ մարդկության պատմության մռայլ էջի 100-ամյակը, որի հետ մենք դեռևս դժբախտորեն պետք է առնչվենք: Չնայած անհերքելի ապացույցներին, դեռևս կան այնպիսիները, ովքեր ժխտում են, որ ընդհանրապես Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: 100 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել Օսմանյան կայսրությանն ու դրա անմիջական հետնորդին՝ Թուրքիային, բարբարոս գործողությունների համար: Ապշեցուցիչ է, բայց անգամ այնպիսի երկրներն, ինչպիսիք են Իսրայելն ու Միացյալ Նահանգները, դեռևս չեն ճանաչել մարդկության պատմության այս սարսափելի իրադարձությունները, որը գրեթե վերացրել է ողջ հայությանը:
Իսկ որտե՞ղ է հայերի համար «այլևս երբեքը»: Մենք ողբում ենք Հոլոքոստը և մենք արդարացիորեն փոխհատուցում ենք պահանջում: Մենք արդարություն են պահանջում Ռուանդայի ցեղասպանության համար: Մենք քայլեր ենք ձեռնարկում ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունքը փոխելու համար: Մենք բողոքում ենք Դարֆուրում զանգվածային սպանությունների դեմ ու դատում նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում:
Մենք հետ ենք նայում մեր պատմությանն ու հարցնում , «թե ինչպես կարող էինք մենք այդ մասին չիմանալ»: Եվ դեռևս վայրագությունները շարունակվում են ամբողջ աշխարհով մեկ, և բոլոր միջազգային կազմակերպությունները լուռ են մնում Հարավային Կորեայում, Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Իրանում ընդդեմ մարդկության բռնությունների հարցում:
Ինչո՞ւ: Քանի որ մենք չենք ցանկանում ընդունել այդ չարիքի գոյությունը:Այս նույն պատճառով 100 տարի անց Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչված պատմական փաստ է մնում»,-գրում է հեղինակը:
Այնուհետև հոդվածում ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատմությունը՝ շեշտելով, որ չնայած Հայոց ցեղասպանության օր է պաշտոնապես համարվում 1915 թ ապրիլի 24-ը, սակայն հետապնդումները սկսվել են դեռևս 1890-ականներին, «սակայն աշխարհը դեռևս լուռ է մնում»:
Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ «1-1.5 միլիոն հայեր դաժանաբար թալանվել, բռնաբարվել, արտաքսվել ու սպանվել են Օսմանյան կայսրության տարածքում 1914-1918 թթ ընթացում միայն այն պատճառով, որ նրանք հայեր են»:
«Մի՞թե դա չափազանց շատ է խնդրել համաշխարհային ուժերին 100 տարի անց ճանաչել այդ վայրագությունները: Մի՞թե Թուրքիային մարդկության դեմ գործած իր հանցանքների համար պատասխան տալու պահանջն այդքան մեծ բան է: Սեփական սխալների ճանաչման ժխտումը միայն սնում է չարիքը:
Որպեսզի վերջ տանք դաժանությանը, մենք պետք է նախ ճանաչենք, թե ինչ է չարիքը: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունն ու ստիպենք հանցագործներին պատասխան տալ ընդդեմ մարդկության հանցագործության համար:
Այլևս երբեք հայերի համար ևս»,- եզրափակվում է հոդվածը: