ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին Գյումրու կենտրոնում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների գործով երկու հոգի ձերբակալվել է, հինգը` հետախուզման մեջ է: Հիշեցնենք, որ այդ օրը՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն էր ծագել, ծեծկռտուք, որի ընթացքում հնչել էին կրակոցներ:  Վ. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եւ նրա ընկերները վիճաբանել էին այդ ժամանակ դեռ ավագանու անդամության թեկնածու ԲՀԿ-ական Էդգար Մկրտչյանի եւ վերջինիս ընկերների հետ՝ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու եւ նրա օգտին աշխատելու համար: Դեպքի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Իսկ օրեր անց Սպարտակի ու եւս չորս հոգու նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), Ս. Ղուկասյանի եւ վիճաբանության մասնակից Կ. Գարայանի նկատմամբ՝ նաեւ 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը: Հիշեցնենք, որ Ս. Ղուկասյանի եւ վիճաբանության մասնակից եւս չորս անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ սահմաններում, իսկ երկու հոգի հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
«Այս պահի դրությամբ գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, իրականացվում են օպերատիվ եւ հետախուզական գործողություններ»,-վստահեցրեց Շիրակի մարզի քննչական վարչության հատուկ կարեւորագույն գործով քննիչ Արտյոմ Օվսյանը՝ հավելելով, որ մինչ այսօր չի հայտնաբերվել խուլիգանության ընթացքում կիրառված զենքը:
Դեպքի հաջորդ օրվանից մամուլում եւ հասարակության շրջանում շրջանառվում էին լուրեր, թե Է. Մկրտչյանի նկատմամբ եւս մեղադրանք է առաջադրվել, ու նա գտնվում է հետախուզման մեջ: Այս կապակցությամբ, սակայն, Օվսյանն ասաց. «Նշված քրեական գործով Է. Մկրտչյանը հետախուզման մեջ չէ եւ չի էլ եղել, նախաքննության շահերից ելնելով՝ նրա հետ կապված որեւէ հանգամանք չեմ կարող ներկայացնել»:
Նշենք, որ դեպքից ընդամենը մի քանի օր անց հանցագործության զենքը հայտնաբերելու համար կատարվել էին դեպքի վայրի զննություն, բնակարանների, հասարակական օբյեկտների խուզարկություններ, ինչպես նաեւ հարցաքննվել էին «Հրաշքների աշխարհ» սրճարանի աշխատակիցներ, ականատես վկաներ: Այդ ընթացքում քննչականի վարչության բակ բերման էին ենթարկվել մեքենաներ, նաեւ` քաղաքապետի ընտանիքին պատկանող, որոնցում անցկացվել էին փորձաքննություններ: Ի դեպ, քաղաքապետի ընտանիքին պատկանող մեքենան մինչ օրս գտնվում է քննչական վարչության բակում` ծածկված վիճակում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս