2017թ. պարտադիր կդառնա 12-ամյա կրթությունը. օրենքն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր լրամշակումներից հետո քվեարկության դրվեց «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ այս նախագծով պարտադիր 9-ամյա կրթությունն այսուհետ լինելու է 12-ամյա:  Այս նախագիծը պետք է քվեարկության դրվեր դեռևս երեկ, սակայն օրենսդիրները խնդրահարույց հարցեր տեսան և որոշեցին ևս մեկ անգամ քննարկում կազմակերպել և քվեարկել այսօր:

Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց. «Երեկ մենք կրթության հանձնաժողովում քննարկեցինք, ներկա էր ԿԳ նախարարը, որոշակի խնդիրներ, որոնք մտահոգում են, դուրս ենք բերել նախագծից և այն կկիրառվի 2017թ.-ից: Մի մտահոգություն կա, որ պարտադիր բառը չի հանվել»: Նա տեղեկացրեց նաև, որ ՕԵԿ-ը կմասնակցի քվեարկությանը, սակայն կմնա ձեռնպահ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ դեռևս մտահոգություններ կան և ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ: Իսկ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե վստահ է, որ կառավարությունը չի կարողանա այս գործը նորմալ գլուխ բերել: Սակայն նշեց, որ իրենք խմբակցությունով կողմ են քվեարկելու, քանի որ գոնե երկու տարով հետաձգվել է կիրառումը:

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության և  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 85 կողմ, դեմ 0, ձեռնպահ 27 ձայներով:




Լրահոս