Գործ ունեինք ոչ թե պետության, այլ «սխոդկաներ» անող խմբակների հետ. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում շարունակվում է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի քննարկումը: Այժմ ներկայացված հաշվետվության մասին պատգամավորները ներկայացնում են իրենց տեսակետը:

Հիմնականում բոլոր տեսակետները բացասական էին, քանի որ պատգամավորների խոսքով` հանձնաժողովը չի կատարել իր առջև դրված աշխատանքը: Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նախ հիշեցրեց, թե ինչու անհրաժեշտություն եղավ ստեղծել այդ հանձնաժողովը:

«Նախորդ կառավարության ժամանակ մենք հանկարծ պարզեցինք, որ կուտակվել են պարտքեր, որի մասին ՀՀ ոչ միայն քաղաքացիները, այլև քաղաքական ուժերն ընդհանրապես տեղյակ չեն եղել: Այն ժամանակ պարբերաբար քաղաքական ուժերը հարց էին բարձրացնում, բոլոր պաշտոնական այրերը, այդ թվում նաև նախկին վարչապետը միաբերան պնդում էին, որ նման բան չկա:  Հետագայում, երբ իրականությունը պարզվեց, նախկին վարչապետը ասել էր` «այո, մենք խոսացել ենք բանավոր»: Այսինքն տպավորությունն այնպիսին է, որ մենք ոչ թե գործ ունեինք պետության հետ, որը բանակցություններ է վարում այլ պետության հետ, այլ գործ ունեինք խմբակների հետ, որոնք «սխոդկաների» մակարդակով իրար հետ բան էին խոսում», – նշեց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև հանձնաժողովի հաշվետվությանը և այն խոսքին, որ նկարներից կամ բույսերից կուտակված պարտքերին չպետք է ուշադրություն դարձնել: «Բա որ այդ աշխատակիցների էսթետիկական ճաշակը հանկարծ բարձրանա և նրանք որոշեն իրեն ռելաքսն անցկացնել այնպիսի սենյակներում, որտեղ կկախեն նկարների բնօրինակները», – ընդգծեց նա:

Ն. Զոհրաբյանը նշեց, թե կատարյալ թալան է տեղի ունեցել և հավելեց, որ ԲՀԿ խմբակցության տեսակետը կարտահայտվի պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթի միջոցով:




Լրահոս