ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե զեկույցում սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, իսկ վատ լուր` ինչքան ուզես:
Պատգամավորը նշեց, որ տարեկան 20 մլն դոլարի գազ է կորում և այդ կորած գազի համար վճարում են հենց սպառողները: Նա նշեց, որ եթե մենք լինեինք Ուկրաինայի սպառողները, ապա 9 մլն քիչ կվճարեինք: «Գոնե 2012թ-ից էս կողմ ոչ մի ներդրումներ չեն արվել կորուստները վերացնելու համար, նշանակում է` դա ձեռնտու է ինչ-որ մեկին և նրա գրպանն է գնում», – նշեց նա:
Որպես հաջորդ խնդիր` Ն. Փաշինյանը բարձրաձայնեց գազի կալորիականության հարցը, որի մասին վերջին տարիներին բարձրաձայնում են շատերը: «Հանձնաժողովն այս հարցին պետք է պատասխան տար: Սահմանից մեր տուն հասնող գազը քանի կալորիա է, ոչ մեկ չգիտի: Այդ դեպքում մարդիկ պետք է հավատան իրենց տեսածին, քանի որ այժմ մեկ թեյնիկ ջուրն ավելի երկար ժամանակ են եռացնում, քան առաջ և ավելի շատ գազ ծախսում», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով, խայտառակ իրավիճակ է սպառողների շահերի պաշտպանման տեսանկյունից, քանի որ ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ տանը տեղադրված հաշվիչները ճիշտ են ցույց տալիս: Նրա խոսքով, այս ամենը թալանից բացի այլ բան չենք կարող անվանել:
«Երբ որ ասում ենք իշխանությունները ժողովրդին թալանում են, հո նկատի չունենք, որ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը մտնում են մեր տներ ու դիվանը ամեն մեկը մի ծայրից բռնում տանումա, կամ երիտհանրապետականները մեր տան ապրանքները բեռնում, տանում են: Թալանը հենց այսպես է լինում, 10 դրամ տանում են հոսանքի գնից, 100 դրամ շաքարավազի գնից և այլն», – ներկայացրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, թե այս բոլոր խախտումների մասին մշտապես իմացել են ՀՀ նախագահն ու ներկայիս վարչապետը և ներկա իրավիճակը համարեց կոռուպցիայի հետևանք: