2014 թվականի ընթացքում ԱԱԾ գործունեության մեջ ՄԻՊ-ն արձանագրել է խնդիրներ` կապված բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց փաստաբանով չապահովելու, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթերն անհարկի վերցնելու հետ:
Պաշտպանը ահազանգ է ստացել, որ ծառայության աշխատակիցները վերցրել են քրեական գործում որպես վկա ներգրավված քաղաքացու անձնագիրը և հրաժարվել են այն վերադարձնել՝ պատճառաբանելով հետագայում անձի` վկայի կարգավիճակի փոփոխման հավանականությամբ: Եվ միայն պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում անձնագիրը վերադարձվել է քաղաքացուն:
Արձանագրել են նաև դեպքեր, երբ անձին շարունակել են պահել անազատության մեջ այն պարագայում, երբ ձերբակալման 72-ժամյա կամ դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման ժամկետը լրացած է եղել:
«Չնայած ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ բանավոր տեղեկատվություն ունեն այն մասին, որ դատարանը համապատասխան որոշում է կայացրել՝ այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին դատարանի որոշումը չի ներկայացվել»,- ասված է ՄԻՊ զեկույցում:
Այդուհանդերձ, 2014թ-ին ՄԻՊ-ը ԱԱԾ գործունեությունում նաև դրական տեղաշարժեր է արձանագրել: Օրինակ` ձերբակալվածների տեսակցություններն իրենց հարազատների հետ կազմակերպելու համար բացվել և վարվում է ձերբակալվածների տեսակցությունների և զանգերի հաշվառման մատյան, տեղադրվել է հեռախոս-ավտոմատ, որի միջոցով ձերբակալվածները կարողանում են զանգահարել իրենց հարազատներին:
Բացի այդ, ձերբակալվածների պահման վայրում իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացում խցի բնակելի մասից, զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան, ձերբակալված անձանց համար նախատեսված ճաշացանկը փակցվում է համապատասխան վայրում:
Իսկ բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո արձանագրվում է ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը: