ԱԺ-ում շարունակվում է քննարկվել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այդ հանձնաժողովի անդամ է, և ընդգծեց, որ ինքը մտել է այդ հանձնաժողով մի նպատակով` ապացուցելու, որ գազի գինը իջնելու տեղ ունի:
ՀԱԿ պատգամավորն իր ելույթում ներկայացրեց այն տարբերակները, որոնց միջոցով հնարավոր է հասնել գազի գնի նվազման: «Գազի մուտքային գինը 189 դոլար է, տեղափոխվելուց ու բախշվելուց հետո սպառողներին մատակարարվող գազի միջին գինը կազմում է 311 դոլար: Այս 311 դոլարի 70%-ը կազմում է գազի գինը սահմանի վրա , այսինքն 189 դոլար, մնացածը՝ 122 դոլարը բաշխվում է հետևյալ կերպ. 5 %-ը նախատեսված է կորուստների վրա, 11 %-ը շահագործման և պահպանման ծախսերն են, 4 %-ը շահագործման ծախսերն են, իսկ 7 %-ը շահույթն է», – նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ կորուստների հաշվարկումն իրականացվում է անգրագետ ու հակաօրինական մեթոդներով: Արամ Մանուկյանը մեջբերեց բազմաթիվ «ժուլիկություններ», որոնք արվել են գազի սպասարկման ոլորտում: «Գազի կորուստները հնարավոր է առանց չափազանցության կրճատել 50 %-ով: Ըստ այդմ, կորուստների կրճատման արդյունքում, գազի գինը կարող է իջնել 10 դոլարով», – եզրափակեց նա: