ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ավարտվեց «Իմ Հայաստան» համահայկական ծրագրի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Դուդուկի փառատոնը: Այն Հայաստան էր բերել շուրջ 10 անվանի դուդուկահարների աշխարհի տարբեր ծայրերից: Փառատոնի մասնակիցները համերգներ ունեցան ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում ու Գավառում: Ելույթ ունեցան արտերկրից ժամանած եւ հայաստանցի դուդուկահարներ, իրենց կատարումներով հանդես եկան նաեւ Գուրգեն Դաբաղյանը, Եվա Թաշչյանը, Հայկուհի Բաբախանյանը: Դուդուկի փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը դուդուկահարներին նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ
Երեկ՝ կյանքի 91-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Ջինանյանը: Նա ծնվել է 1919թ. նոյեմբերի 25-ին Կ. Պոլսում: 1925թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում որպես հաղորդավար, ապա` խմբագիր ու ռեժիսոր: Երեւանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ:

ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Երգիչ Արման Հովհաննիսյանը կրկին հայր է դարձել: Սեպտեմբերի 15-ին լույս աշխարհ է եկել նրա դուստրը: Աղջնակին անվանել են Արմանի մոր պատվին՝ Գայանե: Ի դեպ, բալիկի ծնվելու օրն էլ Արմանը հյուրախաղերի է եղել:

ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻՑ՝ ՀՈՍՊԻՏԱԼ

Վերջին շրջանում Լարիսա Դոլինայի երկրպագուները դժգոհում էին, թե երգչուհին հազվադեպ է հայտնվում համերգներին: Դոլինան էլ պարզաբանում էր, որ զբաղված է իր թոռնիկներով, մի քիչ էլ հանգստի կարիք ունի: Սակայն անտեսելով հոգնածությունը` Դոլինան հյուրախաղերով մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ էլ անսպասելի վատ է զգացել ու միանգամից տեղափոխվել հոսպիտալ: Փաստորեն, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը բացասաբար է անդրադարձել 57-ամյան երգչուհու առողջական վիճակի վրա: Այնուամենայնիվ, նա չի հետաձգել մնացած ելույթները, քանի որ մտադրված է շատ արագ վերադառնալ աշխատանքի:




Լրահոս