ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 3 ամիս է՝ նոր կազմակերպություն եմ բացել, բայց այն դեռեւս գործունեություն չի ծավալում: Ուզում եմ իմանալ, թե արդյոք անհրաժեշտ է ներկայացնել զրոյական հաշվետվություններ: Կամ պարտադի՞ր է, որ կազմակերպության տնօրենը ձեւակերպված լինի որպես աշխատող:

Արման Ասատրյան (38 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ պարտադիր գրանցման ենթակա տեղեկություններից են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող եւ այլն) տվյալները: Հետեւաբար կազմակերպությունը գրանցման օրվանից համարվում է գործատու՝ համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ հարկային գործակալ՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների: Դա նշանակում է, որ կազմակերպությունը պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հաշվարկ, հաշվետվություն, տեղեկություններ՝ համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի:
Միաժամանակ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործունեություն չիրականացնելու, ինչպես նաեւ հարկվող oբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձեւն է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Տվյալ օրենքը չի բխում գործարարի շահերից: Այս դեպքում կազմակերպությունը դեռեւս նոր է սկսելու իր գործունեությունը եւ, բնականաբար, ֆինանսական շրջանառություն չի իրականացնում: Ուստի երբեմն կարելի է հասկանալ նաեւ սկսնակ գործարարների դժգոհությունը մեր երկրի հարկային վարչարարությունից:




Լրահոս