Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց, որ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի ընդունվել և Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որևէ մեկը, բացի Վարդան Այվազյանից:
«Ի վերջո, սա կատարվում է մի երկրում, որտեղ կեղծիքի վրա են կառուցում ամբողջ քաղաքականությունը, երկրի բարձրագույն ղեկավարները և անպատիժ մնում: Ասածս ապացուցելու համար հեռու գնալ պետք չէ, այլ ընդամենը մեկ անգամ ևս վերլուծել, թե ինչպես սկսվեց գազային այս ամբողջ էպոպեան և մինչև ուր այն մեզ հասցրեց: Իշխանությունների գազային այս ավանտյուրան առաջին անգամ հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում 2012 թվականի հոկտեմբերի 24-ին», – նշեց նա:
Նրա խոսքով` 2013-ի մայիսի ընտրություններից շատ ավելի առաջ այս մասին խոսվում էր.
«Մենք պայմանավորվել էինք ռուսական կողմի հետ, որ մենք գազի համար Հայաստանում վճարելու ենք 180 դոլար ու ինչն արել ենք մինչև այսօր:
«Ինչպես է ստացվում, որ 2012-ի հոկտեմբերի 24-ին ես արդեն տեղյակ էի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ապագայում կնքվելիք բոլոր համաձայնագրերի մասին, իսկ Սերժ Սարգսյանը և Արմեն Մովսիսյանը դրանց մասին չգիտեին՝ անգամ երբ դրանք արդեն կնքված էին ու գործում էին կամ կնքվելու էին ընդամենը 11 օր հետո: Բնականաբար, մտքովս չի անցնի այդքան փայլուն գուշակի դափնիներ վերագրել ինքս ինձ: Իրականությունը հետևյալն է. իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Արմեն Մովսիսյանի, շատ լավ էլ իմացել են այս ամենի մասին, բայց թաքցրել են ճշմարտությունը ժողովրդից: Ինչու են այս բանը ժողովրդից թաքցրել, որը, ի վերջո, մի օր բացվելու էր: Սերժ Սարգսյանը առաջին, և հավանաբար վերջին ղեկավարը չէ, որ գնացել է կեղծիքի՝ ընտրություններում հաջողության հասնելու համար»,- եզրափակեց Զուրաբյանը: