Այսօր գազամատակարարման հարցերով հանձնաժողովի եզրակացության քննակման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով վերհիշեց գազի դեռ 2013թ. տեղի ունեցած դեպքերը:
«Հիշում եք` արդեն երկրորդ տարին է, ինչ այս վեճը ծագեց գազի հանձնաժողովի հետ կապված: Այն ժամանակ ես ստիպված էի հավաքել ձեր քարտերը, որ դուք չկարողանայիք քվեարկեիք: Կարծում եմ` միևնույն է այդ պայմանագիրը այստեղ չի քվեարկվել և համապատասխան օրենքով չի ընդունվել», – նշեց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ հետագայում մենք հնարավորություն կունենանք ավելի էժան գազ ներկրել և կլինենք նաև տարանցիկ երկիր: «Միայն գազի պայմանագրի համար կարելի է Սերժ Սարգսյանին և նրա նշանակած կառավարությանը ենթարկել քրեական պատասխանատվության: Այս պահին Ս. Սարգսյանի հրամանով քրեական հետապնդման մեջ են գտնվում Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները: Անկախ նրանից, մենք կիսում ենք նրա տեսակետները, թե ոչ նրանք գտնվում են մեկուսարաններում: Այսօր մենք ունենք երկիր, բայց չունենք ինստիտուտներ, որոնք հարգում են քաղաքացիներին և այդ մասին վկայում է նաև այս հանձնաժողովի զեկույցը». – հավելեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, այդ մարմիններից մեկն էլ իրավական համակարգի մարմիններն են, որոնք ժամանակին, եթե միջոցներ ձեռնարկեին, Վալերի Պերմյակովին կկարողանային հսկողության տակ պահել: «Ու՞ր էր մեր ԱԱԾ-ն այդ ժամանակ: Իսկ հիմա իբր նախապատրաստվող անկարգությությունների համար ձերբակալում են մեր քաղաքացուն: Պատահական մարդ չէ Ժիրայր Սէֆիլյանը, նա նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին է ենթարկվել քրեական հետապնդումների: Դեռ 2006թ. նրան ձերբակալեցին, հիմա նորից, այս ԱԱԾ-ն թող հետամուտ լինեն այլ հանցագործների նկատմամբ», – հայտարարեց նա:
Զարուհի Փոստանջյանը` որպես հետապնդումների օրինակ հիշեց նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Մեր գործընկերոջ` Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ հայտարարվեց, որ այլևս իշխանությունները թույլ չեն տալու, որ զբաղվեն քաղաքականությամբ: Սրանք պատահական բառեր չեն, պատահական հայտարարություններ չեն, սրանք բոլորն ահազանգող հայտարարություններ են», – եզրափակեց նա: