Ի՞նչն է մեզ խանգարում կամ վախեցնում նախահարձակ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա օգոստոս ամսին հակառակորդը սովորականից ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեց սահմանին` պահպանելով լարված իրավիճակը: Եվ հայկական կողմը անհեռատես գտնվելու հետևանքով զոհեր տվեց: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը` խոսելով սահմանին տիրող իրավիճակից:

Նրա խոսքով, հայկական կողմն է թողել, որ հակառակորդը «ներս մտնի», հարձակվի, սպանի.«Նրանք անցան մեր կողմ, մենք 4 զոհ ունեցանք, նրանք էլ` 14-ը: Մենք իրավունք չունեինք թողնել, որ նրանք գան, տանեն: Նրանց հատուկ ջոկատայինները հարձակվում են մեր շարքայինների վրա, չնայած, իհարկե, մեր շարքայինները հերոսի պես են իրենց պահում: Հարձակմանը կարող էին մասնակցել մեր ազատամարտիկները, նրանք արդեն մեծ են, կարող են հասկանալ, տրամաբանել: Դրանից բացի ղարաբաղցիները մեր մեջ շատ են, սահմանը լավ գիտեն, գիտեն` որ մասում ինչ կա: Դա էլ կօգներ»:

Հարցին` ի՞նչն է ազատամարտիկներին խանգարում հարձակվել, Կոմանդոսը պատասխանեց, թե այս պահին այդ հարցը պետական մակարդակով քննարկվում է. «Այս մասին մեր պաշտպանության նախարարն արդեն տեղեկացված է: Իրականում արդեն քննարկման փուլն էլ է անցել, հիմա այդ հարցն արդեն դրված է վերջնական լուծման»:

Կոմանդոսը հրաժարվեց վերոնշյալ քննարկման մասին մանրամասներ ներկայացնել` նշելով միայն, որ մեծ հաշվով առաջ քաշված հարցերը լուծված են:

Ապա, անդրադառնալով մի շարք բարձրաստիճան զինվորականների հայտարարություններին, այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանի, որ պետք է հայկական կողմը, ըստ էության, նախահարձակ լինի, նշեց, որ ինքը մշտապես ասել է, որ մենք պետք է ոչ թե նախահարձակ լինենք, այլ հակահարված տանք, սակայն ոչ թե պաշտպանվելու, այլ մինչև հակառակորդի սահմանը հասնելու նպատակով. «Նրանք հարձակվում են մեզ վրա, հետո մենք ենք հարձակվում նրանց վրա: Նրանք անցնում են մեր սահմանը, մեզ խփում են, մենք պիտի նրանց պատասխան տանք: Սակայն ոչ թե պատասխան տանք ու մի կողմ քաշվենք, այլ մտնենք նրանց տարածք և նրանց կոտորենք ու վերադառնանք մեր երկիր: Մեզ ոչ ոք չի վախեցնում, իհարկե, որ նախահարձակ լինենք, սակայն այս պահին նպատակահարմար է` նրանց քայլից հետո մենք մեր քայլն անենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում զեկույցով էր հանդես եկել, որում մասնավորապես ասվում էր. «…Մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»:

Այս հայտարարությունից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր, որ սա, ըստ էության, պատերազմի վերսկսման հնարավորության մասին նախազգուշացում է, որը հանդիսանում է Պնախարար Սեյրան Օհանյանի` նախահարձակ լինելու մասին որոշման շարունակությունը: Եվ որքան էլ որ այսօր տարբեր ռազմական փորձագետներ և քաղաքագետներ պնդեն, թե պատերազմի վերսկսման լուրջ վտանգ չկա, թե Ադրբեջանը չի հանդգնի գնալ նման ագրեսիայի, քանի որ մեզանից շատ կորցնելու բան ունի և այլն, անցած օգոստոսին սկսված և այս տարեսկզբից վերսկսված հրադադարի խախտման հարյուրավոր դեպքերն ու դիվերսիոն հարձակումները ցույց են տալիս, որ իրավիճակը փոխվել է, և Ադրբեջանի իշխանությունների` սահմանային միջադեպերի հրահրման նպատակներն այսօր արդեն այլ են, քան, օրինակ, երկու տարի առաջ:

Ընդ որում, անգամ ՊՆ ներկայացուցիչներն են ընդունում, որ ներկայումս ազերիների ոտնձգությունները որակապես այլ են, հատկապես գործադրվող զինատեսակների առումով: Եվ եթե Ադրբեջանի ակտիվացումը դիտարկում ենք աշխարհում ընթացող զարգացումների համատեքստում` Սիրիա, Ուկրաինա, ապա տեսանելի է դառնում՝ այսօր մտահոգվելու տեղիքն ավելի մեծ է, քան երբևէ, սկսած 1994 թվականից:

Տաթև Հարությունյան




Լրահոս