Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, վստահ է, որ «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանն ու նրա թիմակիցները իրենց կոչերն առաջ տանելու համար սխալ օր էին ընտրել: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ վաղ առավոտյան ՀԽ անդամների ձերբակալման դեպքին, Կոմանդոսը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի իրավունքն է ինչ-ինչ հայացքներ ունենալը, սակայն ապրիլի 24-ը սուրբ օր է համայն հայության համար, և այդ օրը խժդժություններ առաջացնող որևէ միջոցառում անել չի կարելի. «Նա կանգնեց ու նման հայտարարություն արեց: Սակայն նրան չէր կարելի նաև այս օրով ձերբակալել: Ժիրոյին պետք է կանչեին, ժամանակ տային, բացատրեին, որ 24-ը մեզ համար ուրիշ օր է: Ու ասեին` հետո ինչ ուզում ես, արա»:
Հարցին` կիսո՞ւմ է արդյոք կարծիքները, թե ՀԽ անդամների ձերբակալությունները կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի հետ, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց` շեշտելով, որ պատճառը միայն Պուտինի այցը չէ, այլ բոլորի այցը. «Դա բոլորի հետ է կապված: Մեզ համար Ֆրանսիայի նախագահի գալն ավելի արժեքավոր է, իսկ եթե Պուտինի գալու օրը նման բան լինի, ողջ Եվրոպան կուրախանա»:
Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԽ 6 անդամներ: Ավելի ուշ ՀԽ անդամները հայտարարել են, թե ձերբակալվածների գույքի վրա կալանք է դրվել: