Սերժ Սարգսյանը կայցելի Իտալիա և Վատիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:

Իտալիայում նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:

Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:




Լրահոս