Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով կառավարությանը, հետաքրքրվեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության գործից:
Նա նշեց, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չկարողացան ձերբակալել Վալերի Պերմյակովին և հիմա վերջինս գտնվում է 102-րդ ռազմաբազայում: «Ինչու մեր ոստիկանությունը չի գնում այնտեղ, դրա փոխարեն երեկվանից ձերբակալություններ են ընթանում քաղաքական հայացքների համար», – ասաց նա:
Ի պատասխան արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, թե կառավարությունը ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալման մասով` հասկանալով, որ հիմա հետաքննություն է գնում:
Ապա Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ամբողջ հանրապետությունը սպասում է, թե երբ է գլխավոր դատախազը դիմելու իր գործընկերոջը: «Ես ուզում եմ կառավարությունից պարզել` դուք որևէ միջոց ձեռնարկելո՞ւ եք, որ Պերմյակովին փոխանցեն հայ իրավապահ մարմիններին», – նշեց նա:
Արդարադատության նախարարը նախ նշեց, թե համաձայն չէ պատգամավորի այն որակման հետ, որ Հայաստանի իրավապահ մարմիններն անգործության են մատնված:
«ՀՀ կառավարությունն իր լիազորության շրջանակներում անում է ամեն ինչ: Կարծում եմ, որ դուք մոտ ժամանակներս հնարավորություն կունենաք հարցադրումով` դիմելու ՀՀ գլխավոր դատախազին: Ես կարող եմ միայն ասել, որ քննությունը գնում է և հույս ունեմ, որ մենք ականատես կլինենք հարցի արժանի լուծմանը», – նշեց նա: