
Սկոթլանդ Յարդը հետազոտում է Լոնդոնի գլխավոր ոսկերչական թաղամասում՝ Հաթոն-Գարդենում կատարված գողության դեպքը: Գողերը կոտրել են դեպոզիտարիան ու գողացել շուրջ 200 միլիոն ֆունտ (297 միլիոն դոլար) արժողությամբ ոսկյա զարդեր:
Գողությունը կատարվել է Զատկի տոնակատարությունների ժամանակ, որոնք սկսվել են անցած ուրբաթ օրն ու շարունակվել մինչև երկուշաբթի: Թանկարժեք իրերի անհետացման մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի օրն առավոտյան:
Ոստիկանության տվյալներով՝ շուրջ 70 չհրկիզվող պահարանից գողացվել են ոսկյա զարդեր ու թանկարժեք ժամացույցներ:
Կողոպտիչներն օգտագործել են ծանր տեխնիկա՝ պահեստ ներխուժելու համար: Նշվում է, որ այդ պահեստն օգտագործվել է հիմնականում այդ թաղամասում տեղակայված ոսկերչական խանութների կողմից: