«Հսկայական գումարներ են ծախսվել պետական ծառայողներին բնակարաններ հատկացնելու համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ անցած տարի կառավարությունը հսկայածավալ գումար է հատկացրել պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց: Որպես օրինակներ` նա նշեց, որ այդ գումարներն օգտագործվել են գլխավոր դատախազի տեղակալի, ֆինանսների նախարարության աշխատակիցների և այլոց բնակարան տրամադրելու համար:

Փոստանջյանը նշեց, որ պետական ծառայության մեջ գտնվող առնվազն 28 անձանց մոտ 117 հազար դոլար արժողությամբ բնակարան է տրամադրվել երկու ընկերությունից և առանց մրցութային կարգի: «Այդ  անձինք, որ ստացել են բնակարան, բարեկեցիկ են ապրում և ունեն սեփականություն և կարիք չունեն», – նշեց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ բնակարանների ձեռբերումը կատարվել է գնումների ընթացակարգին համապատասխան: Նա նշեց, թե բնակարաններն ըստ անհրաժեշտության են հատկացվել՝ ծառայության օրենքներին համապատասխան:

«Այս անձինք վերջին աղքատները չեն այս համատարած աղքատության պայմաններում, երբ մարդիկ իսկապես չունեն օթևան, նման անձանց այսպիսի թանկարժեք բնակարան տալն անհասկանալի է: Պետք էր մրցույթ հայտարարել, մենք չգիտենք` ինչ կոռուպցիոն գործընթաց է»,- հակադարձեց Զ. Փոստանջյանը, իսկ Խաչատրյանն էլ նշեց. «Գնումների խախտում չկա, կարող էին այլ ընկերություններ էլ մասնակցել»:




Լրահոս