Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, Armlur.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող լարված դրության մասին, նկատեց, որ միջազգային ատյանների արձագանքը, մեղմ ասած, ողբերգական է: Կոմանդոսի խոսքով, իրականում որքան էլ շատերը չեն ցանկանում ընդունել, միջազգային կառույցները խաղաղ պայմաններ ստեղծելու և ճիշտ բանակցություններ տանելու ուղղությամբ որևէ քայլ չեն անում, չեն աշխատում. «Միջազգային ատյանների համար միևնույնն է` ինչ կլինի: Մենք էլ պետք է հասկանանք, որ կան տարբեր սարքավորումներ, որոնք ցույց են տալիս` որ կիլոմետրի վրա խփեցին, ինչ տեսակի հրազենով խփեցին, որ կողմը կրակեց ու քանի անգամ: Եթե նրանք ցանկանային այդ հարցը լուծել, մի վայրկյանում կլուծեին:
Հիմա ի՞նչ է ստացվում` մերոնք ասում են` մենք մի անգամ կրակեցինք, նրանք` 100, նրանք էլ ասում են` չէ, մենք մի անգամ կրակեցինք, դուք` 100: Միջազգային դիտորդներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար գալիս, ասում են` երկու կողմն էլ նույն քանակությամբ է կրակել: Այդքան էլ փող են ծախսում այդ դիտորդների վրա: Մի քիչ էլ մերոնք ավել ծախսեն, այդ ապարատներից կունենան, որ ապացուցեն` ով ինչ է արել: Մի խոսքով` չի արվում ոչ մի բան այդ դիտորդների կողմից»,- եզրափակեց Արցախյան ազատամարտի հերոսը:
Իհարկե, չենք կարող չհամաձայնել Կոմանդոսի նկատառումների հետ, քանի որ մեր երկրի անվտանգության ապահովման երաշխավորը համարվող ՀԱՊԿ-ն մշտապես ամենակարևոր պահերին լռում է: Թեպետ, ինչ խոսք, ուշագրավ օրինաչափությամբ ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակումներ է իրականացնում, որոնց արդյունքում կողմերն ունենում են մեծաթիվ զոհեր, հաջորդող օրերին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ Ադրբեջանի անսանձ պահվածքը դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս. այս բոլոր հարցերը, ցավոք, անպատասխան են:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի