Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի դաշնային դատարանը վճիռ է կայացրել, որով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ “Գլոբալ գոլդ մայնինգ” ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար: Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006թ. “Գլոբալ գոլդ մայնինգ”-ի դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կողմից: Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին ՀՀ եւ ԱՄՆ համապատասխան մարմիններին:
Ինչեւէ, ստեղծված իրավիճակից “խիստ զայրացած” Այվազյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե զանգահարել է Նյու Յորք եւ զբաղվում է այդ հարցերով: “Ոմանք կարդում, ասում են՝ ա՛յ աման, էս ինչքա՞ն ա կերել Այվազյանը: Բայց չեն ասում, որ որոշ լեշակերներ, անձնական շահերից ելնելով, փորձում են իմ բարի համբավն արատավորել”,-հայտարարել էր Վ. Այվազյանը՝ ընդգծելով, որ այս գործում կա ոմանց լուրջ շահագրգռվածությունը: Նա մասնավորապես նշել է, որ “Հետք”-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի որդին աշխատում է “Գլոբալ գոլդ մայնինգ” ՍՊԸ-ում: Հիշեցնենք, որ հենց “Հետք”-ն էր առաջինը հրապարակել Այվազյանի դեմ կայացված դատավճիռը:
ՀԱՐՑ. Դուք հավատում եք ԱՄՆ դատարանի՞ն, թե՞ Վարդան Այվազյանին, որը պնդում է, որ այդ ամենում դիտավորություն կա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ ուզում անդրադառնալ Վարդան Այվազյանի գործին, քանի որ իրավաբան չեմ եւ իրավական հետեւանքներին չեմ տիրապետում: Սակայն կուզենայի՝ ընդհանրապես Հայաստանի խորհրդարանը ներկայացնող նրա նման մարդիկ չլինեին: Ինչի՞, մենակ Նյու Յորքո՞վ պետք է իմանայինք, թե ով ով է: Մենք չգիտեի՞նք, թե նա ով է: Բա Չինաստանի՞ պատմությունը, ինչպե՞ս եղավ, որ նա հայտարարեց, որ հանք է ծախել չինացիներին: Սահմանադրություն կա այս երկրում: Ուզում եմ ասել, որ այս ողջ գործելակերպի մեջ ինձ չի հետաքրքրում՝ Վարդան Այվազյանը ճիշտ է, թե սխալ, ընդհանրապես ո՞նց կարող է այդ մակարդակի պաշտոնյան հայտնվել այսպիսի պատմության մեջ: Թերեւս, եթե հավատանք Վ. Այվազյանին, թե ինչ-որ մեկը դիտավորություն է արել: Ասենք դիտավորություն է արել, լավ է արել: Հո մենք չե՞նք քննում՝ դիտավորություն կա, թե չէ, մենք ուզում ենք իմանալ՝ համապատասխան վերաբերմունք եղել է, թե չէ: Այնպե՛ս աշխատեիր, որ նման վերաբերմունք չլիներ:
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես գործի մանրամասներին ծանոթ չեմ եւ չեմ կարող այս պահին այդ խնդրի հետ կապված գնահատական տալ: Այսքանը, կներեք:
ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի
անդամ
Հ.Գ.”Գլոբալ գոլդ մայնինգ” ընկերության մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ վերջին օրերին տարբեր առիթներով Այվազյանի մեկնաբանություն-արդարացումները չեն համապատասխանում իրականությանը:
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ