«Իշխանությունը, ձերբակալելով մեկին, երկուսին, տասին, չի կարող կասեցնել շարժումը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ժիրայր Սէֆիլյանի և նրա գաղափարակից ընկերների ձերբակալությանը՝ «Հիմնադիր խորհրդարան»-ն այսօր հանրահավաք անցկացրեց Վանաձորում՝ անազատության մեջ գտնվողների անունից ողջույն և ուղերձ հղելով քաղաքացիներին, որ ոչինչ կորած չէ, և որ պայքարը շարունակվում է: Երկու տարի առաջ Նախախորհրդարանի անդամները խոստացել էին վանաձորցիներին, որ միառժամանակ հետո ասելու են նրանց, թե «ժամանակը եկել է», և հիմա են հայտարարում, որ «վերջապես պատրաստ են ձերբազատվել այս քրեաօլիգարխիկ իշխանությունից, ազգադավ իշխանությունից, որ այսքան ժամանակ ոչինչ չարեց, որևէ ազգանպաստ գործողություն՝ հօգուտ հայ ազգի և Հայաստանի ժողովրդի»:

«Որևէ մեկը չմտածի, որ մեր ընկերները այսօր անազատության մեջ են, ուրեմն` շարժումը կանգ է առնում: Իշխանությունը, ձերբակալելով մեկին, երկուսին, տասին, չի կարող կասեցնել շարժումը: Ապրիլին 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցելու ենք ոգեկոչման արարողությանը և մեր գլուխն ենք խոնարհելու մեր նահատակված նախնիների հիշատակի առջև: Նաև երդվելու ենք, որ չենք դադարեցնի շարժումը, մինչև չհաղթենք»,-հնչեց վանաձորցիներին ուղղված ելույթում:

Նախախորհրդարանի պատվիրակները հավաքվածներին կոչ արեցին՝ եթե ոչ ապրիլի 24-ին, գոնե հաջորդ օրը խմբերով գնալ և միանալ իրենց Էրեբունի թանգարանի մոտ, որտեղ համախմբվելու են և մնան այնքան, մինչև հաղթանակ գրանցեն:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ վերջին քաղաքական ճնշումներից տուժել է նաև Վանաձորից Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանը: Երեկ՝ առավոտյան ժամը 7-ին, նրա բնակարանում, ապա ՀԽ Լոռու մարզային գրասենյակում կատարված խուզարկությունից հետո առգրավել են նրա համակարգիչը, նրա և տղայի համատեղ օգտագործման նոթբուքը, արշավային ուսապարկը և այլ իրեր: Գրասենյակի համակարգիչը, բուկլետներն ու տեղակատվական նութերը նույնպես առգրավվել են: Հովհաննես Ղազարյանը իրավապահների կողմից բերման է ենթարկվել որպես կասկածյալ, ապա նրա կարգավիճակը փոխվել է վկայի, և նա ազատ է արձակվել: Այսօր մասնակցում էր իր համաքաղաքացիների հետ հանրահավաքին:

Ադրինե Թորոսյան




Լրահոս