«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա Իտալիայում հանդիպելու է երկրի ղեկավարության հետ, ապրիլի 10-ին կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Այնուհետեւ Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 11-ին ներկա կլինի Գարեգին Բ կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանը, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը: Իսկ ապրիլի 12-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկան, որտեղ պետք է մասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս պատարագի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս ապրիլի 1-ին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ եւ առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզել գալ Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործում Ս. Սարգսյանին կօգնեն նաեւ Վատիկանի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ինչպես նաեւ՝ արտերկրում ապրող մի շարք հայ մեծահարուստներ: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս քայլը նաեւ երկրորդ իմաստն ունի. եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չընդունի հրավերը եւ չգա Հայաստան, ապա այդ փաստն այլեւս այնքան էլ չի համարվի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ձախողումը: Դա կհամարվի Սերժ Սարգսյանի անձնական ձախողումը:
Հ. Գ. Նկատեցի՞ք՝ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված միջոցառումները սկսվում են ապրիլի 10-ից, սակայն նա երեկ արդեն մեկնեց երկրից: Ըստ ամենայնի, ՀՀԿ առաջնորդը խուսափեց ընդունել երեկ երեկոյան Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: Իսկ Երեւանում լինելով՝ չէր կարող չընդունել նրան, քանի որ Քիմին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման է ընդունում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: