«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ «բիոզուգարանը» տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Սակայն այստեղից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասել են, որ թանկարժեք «գույքի» անհետացման հետ իրենք կապ չունեն եւ առաջարկել էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենց նախարարությունը այս պատմության հետ կապ չունի եւ առաջարկել էլ դիմել Ազգային մրցունակության հիմնադրամ: Կարճ ասած՝ տուն-տունիկ: Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել: Հուսանք, որ, ի վերջո, որեւէ մեկը պատասխան կտա պետական միջոցները փոշիացնելու համար»: