Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում կանցկացվի առաջին համատեղ զբոսաշրջային գիտարշավը: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունից, արշավին կմասնակցեն Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիան եւ Տուրիզմի հայկական ինստիտուտը:
Արշավի գլխավոր նպատակներից է երիտասարդական տուրիզմի զարգացումը` հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման նպատակով:
Արշավի մասնակիցներին կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արշավից հետո Տուրիզմի հայկական ինստիտուտում կկայանա կլոր-սեղան, որտեղ քննարկումներ կընթանան Հայաստանում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաեւ երկու երկրների համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսության այդ կարեւոր ճյուղի զարգացման ուղղություններին: