Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կարող են ստանալ. “Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համար: Արտակարգ և լիազոր դեսպանը մեկ անգամ ևս վերահաստատել է Տարոն Մարգարյանին ուղղված Քուվեյթի մայրաքաղաք այցելելու Էլ-Քուվեյթի քաղաքապետի պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս