«Մեզանից հասնում էր առաջարկություններ ներկայացնել». «Ժառանգություն»-ը բովանդակային քննարկումներին չի մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված իրենք առաջարկություններ են ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այժմ սպասում են պատասխանին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» հայտարարել էր կուսակցության վարչության նիստ անցկացնելու մասին, ու նշվել էր, որ հենց այդ նիստի ժամանակ էլ կհստակեցվի՝ արդյոք Սերժ Սարգսյանի հետ Ձեր վերջին հանդիպումը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գիտությամբ է եղել: Նիստն արդեն կայացել է, ի՞նչ է պարզվել՝ արդյո՞ք Ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հովհաննիսյանի «թույլտվությամբ» է եղել:

-Մենք արդեն հայտարարել ենք, որ այդ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Իսկ մնացած հարցերին պարոն Հովհաննիսյանն արդեն մի քանի անգամ պատասխանել է, կարծում եմ, որ Ձեր հարցերին վաղուց պատասխան տրվել է: Մենք դա քննարկել ենք, ու նույն բանը քննարկել, երբ դրա պատասխաններն արդեն տրվել են, չեմ կարծում, որ ճիշտ է:

-Բայց կուսակցության ներսում այդ հանդիպման պատճառով լուրջ տարաձայնություններ էին առաջացել, արդյո՞ք դրանք «հարթվել» են:

-Անձնական հարցերին չեմ պատասխանելու, որովհետեւ դա արդեն անձնական ոլորտ է: Առանց այդ էլ «Ժառանգություն» կուսակցությունում ամեն ինչ շատ ավելի բաց ու հրապարակային էր, քան կարելի էր:

-Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել «Ժառանգության» վարչության նիստում, արդյո՞ք հստակեցվել է այն ուղին, որով կուսակցությունն առաջ է գնալու, քննարկե՞լ եք Ձեր հետագա անելիքները:

-Պարոն Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ դրան անդրադարձել է, համենայնդեպս, մեր կուսակցության մեկ ամսվա գրաֆիկի մասին խոսվել է:

-Րաֆֆի Հովհաննիսյանը չի խոսել կուսակցության պլանների մասին, առհասարակ, վերջին ժամանակահատվածում նա խուսափում է որեւէ կոնկրետ հարցի պատասխանել կամ հանդիպումներ ունենալ: Նա Ապարան էր գնացել ու Զատիկի տոնի հետ կապված ձու «կռվացրել» ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ:

-Ի՞նչ է՝ այդ ձվից արծի՞վ է դուրս թռել, այդ հարցերն ուղղեք պարոն Հովհաննիսյանին, ես ինչ կարող եմ ասել: Ես կարող եմ իմ ընկերական հարաբերությունների մասին խոսել, բայց ոչ այլոց: Ես չգիտեմ, ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ պարոն Հովհաննիսյանը ձու է կռվացրել Աղվան Հովսեփյանի հետ: Ես հասկանում եմ Ձեր հետաքրքրությունը, բայց Դուք հաստատ առիթ կունենաք այդ մասին պարոն Հովհաննիսյանին հարց տալու:

-Բայց Դուք՝ որպես կուսակցության փոխնախագահ, ճի՞շտ եք համարում նրա այդ քայլերը:

-Այսինքն ի՞նչ, ձու կռվացնելն է՞լ քննարկման առիթ դարձնեմ, այդտեղ ճիշտ ու սխալի հարց չկա, մարդկանց անձնական հարաբերությունների մեջ ես ո՛չ մտել եմ ու ո՛չ էլ պատրաստվում եմ մտնել:

-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն գրեթե բոլոր կառույցներին բաժանվել է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները եւս ծանոթացել են հայեցակարգին: Ի՞նչ տեսակետ ունի կուսակցությունը:

-Մեր կուսակցությունն այդ հայեցակարգի հետ կապված որեւէ տեսակետ չունի, որովհետեւ մենք բովանդակային քննարկումների մեջ չենք մտնելու, քանի դեռ մեր առաջարկներն ընդունված չեն:

-Իսկ ըստ Ձեզ՝ իշխանությունը պատրա՞ստ է ընդունելու Ձեր առաջարկությունները, ՀՅԴ-ականներն, օրինակ, հայտարարում են, որ իրենց առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է իշխանությունների կողմից: Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր կուսակցության առաջարկությունները եւս կընդունվեն:

-Ես չեմ կարծում, որ, ասենք, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում գրված լինի արտահերթ ընտրությունների մասին, ես չեմ կարող ասել՝ իրենք ինչպես են վարվելու այս դեպքում: Մեզանից հասնում էր առաջարկություններ ներկայացնել, մենք այդ առաջարկությունները ներկայացրել ենք, մնում է՝ իրենք ընդունեն, ես իրենց փոխարեն այդ հարցին չեմ կարող պատասխանել:

-Բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրե՞լ եք, Ձեր տպավորությամբ, նա հակվա՞ծ է Ձեր առաջարկներն ընդունելուն:

-Մենք ընդամենը քննարկել ենք այդ առաջարկները, մնացածն արդեն իրենց որոշելիքն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս