Օգտագործե՞լ Քարդաշյանին, թե՞ չդարձնել հերոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի` Երեւան ժամանելու մասին լուրը բուռն քննարկումների առիթ տվեց հայ հանրությանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան է գալիս իր ծագման եւ արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու նպատակով: Այս հանգամանքը հատկապես հայ հանրության շրջանում տարակարծությունների տեղիք տվեց:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, վստահ է, որ Քարդաշյանի պես «նվերը պետք է մաքսիմալ ճիշտ օգտագործել». «Ուզում եք, թե ոչ, Քարդաշյանը շատ հայտնի է, նրա «Ինստագրամ»-ի մի քանի ֆոտոն ավելի մեծ գործ կանի, քան տասնյակ միջոցառումներ: Լավ կլիներ` նրան Գառնի-Գեղարդ տանեին, բարձր մակարդակով ընդունեին»,-համոզված է բլոգերը:

Qim Qardashyan

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քարդաշյանի միջոցով կարելի է լուրջ թեմաներ շահարկել. «Ֆանտաստիկ կլիներ, եթե նա ժամանակ ունենար ու գնար Արցախ, կընկներ Ադրբեջանի սեւ ցուցակի մեջ»,- ասաց նա` հավելելով, որ Քարդաշյանը կարող է օգտակար լինել մեր երկրի բրենդինգի եւ տուրիզմի զարգացման համար եւս: Նա նաեւ նշեց, որ Քարդաշյանի ամուսնուն` համաշխարհային ճանաչում վայելող ռեփեր Քանյե Ուեսթին էլ կարելի է «տեղին օգտագործել»:

arton86082-480x330

Բլոգեր Տիգրան Քոչարյանը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ «կարելի է համոզել Քարդաշյանին ու տանել Արցախ»: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հիսուսը Մարիա Մագդաղենացուն ներեց, մենք` որպես քրիստոնեությունն ընդունած ազգ, ինչո՞ւ պետք է Քարդաշյանին քարկոծենք ու չընդունենք, հատկապես եթե մարդը մաքուր սրտով այցելում է իր նախնյաց հայրենիքը»:

Իսկ, ահա, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը հակառակ կարծիքին է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հաշվի առնելով Քարդաշյանի այցի նպատակը` Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելը, սխալ է նրան «օրվա հերոս» դարձնելը. «Այն ասոցիատիվ շղթան, որ այսօր է կազմվել եւ տարածում գտել` Ցեղասպանություն-Քարդաշյան, սխալ է: Քիչ անց «Գուգլ»-ում «ցեղասպանություն» բառը մուտքագրելիս կստանանք Քիմի անունը: Ես որեւէ կերպ չեմ դատապարտում նրա այցը, բայց չեմ կիսում այն հրճվանքը, որ տիրում է մեր սոցիալական ցանցերում, եւ տհաճություն եմ զգում, որ շուտով Քիմի անունը կփոխարինի անմոռուկին եւ կդառնա այս տխրագույն տարելիցի գլխավոր մեխը: Չափերն անցնում ենք»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս