ՀՍՏԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիք նախագահական ընտրություններում իրենց առաջադրման մասին երեկ խոսեցին միանգամից երկու արեւմտամետ գործիչներ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հովհաննիսյանը հանդես եկավ իր իսկ բնորոշմամբ` «թեկնածու դառնալու  մասին» ելույթով, որը, սակայն, միանգամայն րաֆֆիհովհաննիսյանական ոճի մեջ էր: Նա հայտարարեց, թե մասնակցելու է 2013թ. նախագահական ընտրություններին` «առաջադրման կամ բացառման միջոցով»: Թե «բացառում» ասվածն ինչ է նշանակում` վերծանելը միանգամայն անշնորհակալ գործ է, ինչպես եւ «Ժառանգության» առաջնորդի քաղաքական քայլերն առհասարակ: Մի բան, սակայն, պարզ  է. այս պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս չունի Արեւմուտքից անհրաժեշտ աջակցության  հստակ  երաշխիք: Իր առաջադրման մասին բավական երկիմաստ է արտահայտվել նաեւ «Հանրապետության» նախագահը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արամ Սարգսյանն ասել է. «Զուտ սպորտային հետաքրքրություններից ելնելով դնողներից չեմ: Ես եթե մտնեմ՝ պիտի հաղթեմ»: Ընդ որում, վերջնական որոշում կայացնելու հարցում Արամ  Սարգսյանը կարեւորել է Արեւմուտքի  քաղաքական ազդեցությունը` շեշտելով. «Եթե նախկինում արտաքին քաղաքական ազդեցության գործոնը Հայաստանի ներքաղաքական կյանքում չնչին էր, ապա այս նախագահական ընտրություններում այդ ազդեցությունը չափազանց մեծ է»: Այս հայտարարությունը բավական ուշագրավ է նախօրեին ամերիկյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության ֆոնին, ըստ որի՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մասնավոր ընթրիքի ժամանակ ասել է, թե իր խորհրդականների «փորձված ու հաջողակ թիմը» քարոզարշավներ է կազմակերպել ողջ աշխարհով, այդ թվում` Հայաստանում եւ Իսրայելում:
Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը, սակայն,  գտնվում է ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում, եւ դատելով  այդ երկու ուժերի հարաբերություններից՝ կարելի է ենթադրել, որ  Ռուսաստանը դեռեւս իր համար վերջնականապես չի որոշել  ֆավորիտ թեկնածուին: Կամ էլ` Սերժ Սարգսյանն ինքը դեռ չի կարողանում  կողմնորոշվել Արեւմուտք-Ռուսաստան երկընտրանքում: Եվ այն, որ ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում Պուտինի այդքան սպասված այցը չկայացավ, որ դրա փոխարեն ՌԴ նախագահը ոչ միայն մեկնեց Ղրղըզստան, այլեւ ներեց այդ երկրի բազմամիլիոնանոց պարտքը, մինչդեռ Հայաստանի դեպքում  տնտեսական ճնշումները հասել են անգամ  ձկան արտահանման արգելանքի մակարդակի,  խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ծայրահեղ դժգոհ է Սերժ Սարգսյանի վարած արեւմտամետ քաղաքականությունից, իսկ Արեւմուտքն էլ բավականաչափ գոհ չէ, որպեսզի ձեռնամուխ լինի վերջինիս թեկնածության անվերապահ սատարմանը:  Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանը հստակ ազդակներ չի հաղորդել իր կողմնորոշման շուրջ,  Արամ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված են լինելու բավարարվել կիսահայտարարություններով:




Լրահոս