
Ռուս զբոսաշրջիկներով ինքնաթիռը, որն այսօր եգիպտական Շարմ էլ Շեյխ քաղաքից Ուֆա է թռչելիս եղել, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով:
Ինչպես հայտնում են ռուսական գործակալությունները, հղում կատարելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիային, Nord Wind ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը թռիչքից հետո հայտնել է շարժիչի խափանման մասին, ինչից հետո որոշում է ընդունվել հարկադրված վայրէջք կատարել:
Ինքնաթիռը շուրջ 2 ժամ պտտվել է օդանավակայանի երկնքում: Երկրի վրա նրան սպասել են հրշեջ մեքենաներ ու «շտապօգնության» ջոկատները, իսկ թռիչքուղին պատել են հատուկ փրփուրով, արդյունքում վայրէջքը բարեհաջող է անցել, ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռում 232 զբոսաշրջիկ ու ինքնաթիռի անձնակազմի 9 անդամներ են գտնվել: