ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունն անցած տարվա համեմատ նվազել է 1,8 տոկոսով: Սակայն, եթե հաշվի առնենք, որ հրապարակված տվյալներում արդյունաբերությունը ներկայացված է ըստ արտադրանքի ընդհանուր գնի, ապա կարելի է ասել, որ արտադրանքի ծավալներով անկումն ավելի մեծ է եւ այն մեղմվում է մի շարք ոլորտներում արձանագրված գնաճերի շնորհիվ:

Մասնավորապես, էլեկտրական էներգիայի ոլորտում անցած տարվա օգոստոսի 1-ից մոտ 10 տոկոսի թանկացումներ եղան, ինչի արդյունքում էլէներգիայի արտադրության անկումն անցած տարվա համեմատ, ըստ արտադրանքի գնի, որոշակի մեղմանում է: Իսկ էլէներգիայի արտադրության ծավալներն (կիլովատ ժամի հաշվարկով) անցած տարվա համեմատ նվազել է 16,6 տոկոսով: Էլէներգիայի արտադրությունն ընդհանուր տնտեսության հիմնական ցուցիչն է: Այսինքն՝ եթե էլէներգիայի արտադրության ծավալների անկումն այդքան կտրուկ է, ապա ընդհանուր արդյունաբերության անկումը նույնպես կտրուկ է եղել:
Ինչեւէ, ուշագրավ է արդյունաբերական արտադրանքի իրացման տվյալները, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրներում իրացված արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 33,4 տոկոսով, 2014-ին եղել է 11 միլիարդ 39 միլիոն դրամ, այս տարի՝ 7 միլիարդ 352 միլիոն, անկումը կազմել է 3 միլիարդ 687 միլիոն: Այլ երկրներում հայկական արդյունաբերության արտադրանքի ծավալները նվազել են 1,4 տոկոսով. 2014-ին եղել է 55 միլիարդ 397 միլիոն դրամ, այս տարի` 54 միլիարդ 607 միլիոն: Արդյունաբերության առանձին ոլորտներում, այնուամենայնիվ, աճ արձանագրվել է, ինչպես միշտ հիմնական ցուցանիշ ապահովողը եղել է հանքարդյունաբերության բնագավառը, որտեղ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է 7,2 տոկոսի աճ:
Ի դեպ, հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կտրուկ աճել է ցեմենտի արտադրությունը: Անցած տարի նշված ամիսներին արտադրված է եղել 16 հազար 700 տոննա, իսկ այս տարի արտադրվել է 32 հազար 300 տոննա, որից 30 հազար 300 տոննան արտադրվել է հենց փետրվարին: Ենթադրվում է, որ ցեմենտի արտադրության նման կտրուկ աճի պատճառը փետրվարի քաղաքական իրադարձություններն են: Ինչպես հայտնի է՝ ցեմենտն արտադրում է Արարատի ցեմենտի գործարանը (Հրազդանի գործարանը վաղուց չի գործում եւ նոր արտադրանք չի թողարկում): Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, եւ ինչպես հայտնի է՝ փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը նրա դեմ «խաչակրաց արշավանք» էր սկսել, հրահանգել էր ստուգել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկությունները: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմում մինչ այն պահը, երբ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին «կապիտուլացիա» կհայտարարեր, չէր բացառվում, որ նրա ձեռնարկությունները հարկային ծառայության կողմից սկսած ստուգումների արդյունքում կարող են փակվել: Ուստի, եթե որոշվեր, որ «Արարատցեմենտը» պետք է ցեմենտ պահեստավորի, եւ ձեռնարկությունը գործարկեին ողջ հզորությամբ` օրական մոտ 6 հազար տոննա, ապա նշված հինգ օրում կհասցնեին հենց 30 հազար տոննա ցեմենտ արտադրել: Այսինքն՝ առավել հավանական է, որ «Արարատցեմենտը» ցեմենտի արտադրությունը կտրուկ ավելացրել է, քանի որ գործարանի տնօրինությունը մտավախություն է ունեցել, որ ինչ-որ ժամանակով արտադրությունը կարող է դադարեցվել, իսկ երբ արդեն հասկացել են, որ իզուր են խուճապի մատնվել, արդեն ուշ է եղել: Ցեմենտի արտադրության ծավալների նման կտրուկ աճն այլ բացատրություն չի կարող ունենալ, քանի որ շինարարության ծավալներն այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ աճել է 5 տոկոսով: Կասկածից վեր է, որ մարտին ցեմենտի արտադրության ցուցանիշը կլինի անհամեմատ համեստ, քանի որ ստիպված են լինելու սպառել պահեստավորված արտադրանքը:
Բոլոր ապրանքներից մեկի` հացի արտադրության ծավալներն առանձին հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ անմիջական արտացոլում են Հայաստանի բնակչության թվի փոփոխությունը: Ըստ այդմ, այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ արտադրվել է 1,7 տոկոսով պակաս հաց: Այսինքն՝ եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ 2014-ի սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի մշտական բնակչությունը եղել է 3 միլիոն 17 հազար 100 հոգի, եւ նրանց համար արտադրվել է կոնկրետ թվով հաց, ապա 1,7 տոկոսով հացի արտադրության անկումը ենթադրում է, որ բնակչության թիվն էլ, ըստ այդմ, նվազել է: Երբ այս մոտեցումը վերածում ենք կոնկրետ թվերի, ստացվում է, որ 2014-ի տարեսկզբի համեմատ 2015-ի մարտի սկզբին Հայաստանի բնակչության թիվը նվազել է մոտ 51 հազարով: Բավական է նշենք, որ 2015 թվականին Հայաստանի սահմանը հատած եւ չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել 47 հազար մարդ:
Այսինքն՝ այլեւս կարող են առանց երկմտելու արձանագրել, որ անցած տարի Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար մարդ: Արտագաղթի այս տարվա թվերը եւս մեծ կլինեն, քանի որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացին փախչի իր երկրից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԲՀԿ-Ի ԿԱՍԻՐԸ
Դեռեւս մարտին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի միջեւ լարվածությունը որեւէ կերպ չի թուլանում: Նշել էինք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կուսակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, իսկ ֆինանսական եւ կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը: Սակայն իրերի նման վիճակը Նաիրա Զոհրաբյանի «սրտով» չի եղել, եւ որոշ ժամանակ անց, երբ նա կրկին հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ, ասել է, թե ցանկանում է, որ իրենց կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվի քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը: Երեկ վերջինիցս փորձեցինք պարզել, թե այս պատմությունն, ի վերջո, ինչպես ավարտվեց: «Բացարձակ ոչ մի խնդիր չունենք, բոլոր հարցերը իրականցնում է մեր կուսակցությունը: Հո կասիր չենք դնելու այնտեղ, բոլորս ենք լինելու միասին, բոլորս էլ որոշում կկայացնենք, ֆինանսական հարցերն էլ կկարգավորենք: Ոչ մի խնդիր չկա, ինչ ղեկավարի մասին է խոսքը, մենք թիմով պայմանավորվածություն ունենք, ցանկացած հարց քննարկելու ենք ու գալու ենք ընդհանուր հայտարարի»,-պարզաբանեց Վարդանյանը:

 

ԱԺ-Ն ԵՌՕՐՅԱ ԿԼԻՆԻ
Եկող շաբաթ մեկնարկում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան: Այս հինգշաբթի ՀՀ Կառավարությունը որոշեց, որ եկող երկուշաբթի` ապրիլի 6-ը, Սուրբ Զատիկի մեռելոցի օրը, ոչ աշխատանքային օր է լինելու: «Ժողովուրդ»-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին՝ պարզելու համար՝ արդյոք երկուշաբթի օրվա նիստը տեղափոխվելու է ուրբաթ, թե այս անգամ քառօրյան երեք օրից է բաղկացած լինելու: Արսեն Բաբայանն ասաց, որ տեղափոխություն չի լինելու, եւ այս քառօրյային խորհրդարանը կաշխատի երեք օր: Նշենք, որ անցած քառօրյայում նիստն ընդհատվել էր գազի հանձնաժողովի պատրաստած եզրակացության ժամանակ, եւ ենթադրվում է, որ երեքշաբթի հենց այդ հարցի քննարկումով էլ խորհրդարանը կսկսի եռօրյա քառօրյան:

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից պարզել՝ արդյոք իրենց կուսակցությունը մտադիր է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրել, թե ոչ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ի օրակարգում դեռեւս նման հարց չկա: «Երբ կհայտարարվեն ընտրությունները, կքննարկենք»: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ նման հարց իրենք իրենց խմբակցությունում չեն քննարկել: ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության անդամներից եւս նույն պատասխանը ստացանք:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԺԳՈՀԵԼ Է
Արձագանքելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ աշխատավարձերի պահումների տեսքով պատժամիջոցների կիրառման մասին տեղեկություններին` Աժ պատգամավոր Գուրգեն Արսենյանն Armlur.am_ին ասել է. «Երբ արտահերթեր են հրավիրում, աշխատավարձն ինչո՞ւ չեն բարձրացնում: Իրենք իրենց ինչ-որ բան են հորինել, իրենք դրա ձեռքը կրակն են ընկել, հիմա էլ դրա շուրջ մանեւրներ են անում: Քվեարկություններով չէ պատգամավորի աշխատանքի բովանդակությունը»,- ասել է Արսենյանն, ով, ի դեպ, ամենաշատ բացակայող պատգամավորների թվում է:

 

ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ ասել է, որ դեռ հստակ չէ, թե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ինչ փաստաթուղթ կստորագրվի մայիսին Ռիգայում նախատեսված «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովի ժամանակ: «Հիմա գնում է մտքերի փոխանակում, բանակցություններ կապված այն հանգամանքի հետ, որ մենք շարունակենք եվրոպական ուղղությամբ մեր գործակցությունը»,-ասել է Քոչարյանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե ինչ անվանում է ունենալու ստորագրվող պայմանագիրը: Իսկ հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված համաժողովին, որին ներկա են գտնվելու նաեւ ԵՏՄ անդամ երեք պետությունների ղեկավարները, Շավարշ Քոչարյանը տվել է խուսափողական պատասխան. «Սերժ Սարգսյանը ներկա կլինի, եթե աշխատանքային գրաֆիկը թույլ տա»:

 

«ԹՐՋԵԼ» ԵՆ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Դուբայից եւ մտերիմների շրջանակում նշել իր փեսայի` Կարապետ Գուլոյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելը: Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` կերուխումին ներկա են եղել ԱԺ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը եւ մոտ շրջապատից մի շարք մարդիկ:

 

«ՔՍԵՐՈՔՍԻՆ» ԴԵՄ ԵՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» հայտարարության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք, բնականաբար, հռչակագրին դեմ չեն, բայց դեմ են «xerox»-ին. «Եթե փոխում ենք, նշանակում է՝ նսեմացնում ենք հռչակագիրը, իսկ եթե ինչպես կա, այնպես ընդունում ենք, ԱԺ-ին դարձնում ենք դակիչ, որը չեմ կարծում` ճիշտ է ԱԺ հեղինակության համար»: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դժգոհել է, որ Զարուհի Փոստանջյանն օգտագործել է ՀՀ զինանշանը. «ՀՀ գերբն է օգտագործված, որի իրավունքը չունեք: Մարդիկ էլ դրսում կնայեն գերբը ու կկարդան, որ, ըհը, հայերը հողերը պլանավորել են միացնել իրենց»:

 

ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
ԱՄՆ երկկուսակցական հիմքով սենատորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անցած շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին անհապաղ անհրաժեշտ է արժանի կերպով հիշել այդ հանցագործության զոհերին ու շեշտել ընդդեմ բոլոր՝ անցյալի, ներկայի ու ապագայի ցեղասպանությունների ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը:




Լրահոս