ՄԻՊ 2014թ տարեկան զեկույցը հրապարակված է, եւ դատելով նախորդ տարիների զեկույցների հրապարակմանը հետեւող զարգացումներից՝ կարելի է ասել՝ միջգերատեսչական կռվի մեկնարկը տրված է:
Ինչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ-ը 2014թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում, հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, արդարադատության նախարարությունում: Սկսենք ՀՀ գլխավոր դատախազությունից: Նկատենք` ՄԻՊ գրասենյակն իր զեկույցում, մինչ գերատեսչություններում առկա խնդիրներին անդրադառնալը, նախ ներկայացնում է դրական տեղաշարժերը եւ նոր արձանագրում առկա խախտումները: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության դեպքում դրական տեղաշարժի մասին որեւէ տվյալ չկա, ինչը հիմք է տալիս կարծելու, որ ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրավիճակը լուրջ է` բացասական առումով:
Ըստ զեկույցի՝ դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու եւ կանխելու ուղղությամբ: Այս խնդրի արձանագրման համար հիմք են դարձել 2014 թվականի ընթացքում ձերբակալված եւ կալանավորված անձանց մարմնական վնասվածքների դեպքերը, սակայն այդ վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ: Նկատենք, որ պաշտպանն է իր զեկույցում շեշտում, որ տարիներ շարունակ դատախազության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ:
ՄԻՊ-ի կողմից ներկայացված խախտումներից մեկը վերաբերում է դատախազության ոչ պատշաճ վերահսկողությանը, որի արդյունքում քննիչների կողմից քաղաքացիներին չի տրամադրվել բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշումը, ինչը հանգեցրել է անձանց` դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի ոտնահարմանը:
Նկատենք, որ այս զեկույցը հերթական կռվախնձորն է դառնալու, քանի որ դեռեւս 2014թ մի նմանօրինակ դեպք տեղի ունեցավ, երբ ՄԻՊ vs գլխավոր դատախազություն հակամարտությունը հասավ մինչեւ անձնական վիրավորանքների դաշտ: Մասնավորապես մի կնոջ խնդրի շուրջ ՄԻՊ-ը կարծիք էր հայտնել, թե ՀՀ գլխավոր դատախազությունը դրսեւորում է իրավական անգրագիտություն, հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով եւ օրենքների անգրագետ մեկնություններով: Դատախազությունը «տակ» չէր մնացել եւ իր հերթին էր արձագանքել` նշելով, թե ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ եւ ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը:
Ըստ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի՝ ոչ պակաս լուրջ է իրավիճակը արդարադատության ոլորտում. 2014 թվականին ամբողջությամբ լուծում չեն ստացել ՔԿՀ-ներում գերբնակեցման, պահման, սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների խնդիրները: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձին ազատազրկվածներ հայտնել են, որ բժշկի կարիք ունենալու դեպքում վերջինս ժամանում է 3 ժամ ուշացումով: 2014 թվականին ՔԿՀ-ներում պատշաճ չի ապահովվել դատապարտյալների զբոսանքի եւ տեսակցության իրավունքը: Օրենսդրական թերի կարգավորումների հետեւանքով որոշ դեպքերում սահմանափակվել է լրագրողի՝ իր տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը: Որպես օրինակ ներկայացված է ilur.am լրատվական կայքի եւ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի բացահայտման դեպքը:
ՄԻՊ-ը աչքաթող չի արել նաեւ հատուկ քննչական ծառայությունում տիրող իրավիճակը: Ըստ զեկույցի` ծառայության կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների դեպքերով: Պաշտպանին հասցեագրված ահազանգերի եւ դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ծառայության կողմից չի ապահովվել Մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով հրապարակայնությունը, նաեւ կասկածահարույց է այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:
Ոստիկանությունը կրկին ֆիզիկական ուժ է գործադրում եւ սահմանափակում է խաղաղ հավաքները: Այս կարծիքն ամրագրված է ՄԻՊ-ի տարեկան զեկույցի` ոստիկանությանը վերաբերող հատվածում: Մասնավորապես նշված է, թե խաղաղ հավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց չեն ապահովում փաստաբան հրավիրելու եւ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությամբ: Իսկ ճանապարհային ոստիկանությունը մի շարք դեպքերով վարորդներին նշանակել է անհիմն տուգանքներ եւ անհիմն կատարողական վարույթներ հարուցելով՝ կրկնապատկել է տուգանքների չափը:
Իսկ հիմա հերթը հասնում է «դիվան բաշուն»` ի դեմս ազգային անվտանգության ծառայության: Ըստ զեկույցի՝ ԱԱԾ-ում դեռեւս շարունակվում են անձանց օպերատիվ հարցման կամ նրանցից բացատրություններ ստանալու նպատակով ԱԱԾ «հրավիրելու» դեպքերը, չնայած օրենսդրությամբ նման ընթացակարգի բացակայությանը: Ծառայության աշխատակիցներն առանձին դեպքերում խախտել են ձերբակալված անձանց անձնական ազատության իրավունքը` նրանց անազատության մեջ պահելով սահմանված 72 ժամից ավել:
Գրեթե ամեն տարի ՄԻՊ-ը հրապարակում է գերատեսչություններում առկա վիճակի վերաբերյալ իր զեկույցը, սակայն դրա արդյունքում, մեղմ ասած, ոչ բոլոր խնդիրներն են լուծում ստանում: Դա արձանագրում է նաեւ ինքը` ՄԻՊ-ը, ով իր զեկույցում շեշտում է, որ մի քանի տարի շարունակ բարձրաձայնում է խնդրի մասին, սակայն որեւէ տեղաշարժ չկա, եւ դեռ ավելին՝ այս զեկույցը դառնում է միջգերատեսչական թշնամանքի եւ միմյանց անձնական վիրավորանք հասցնելու առիթ: Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ասել, որ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը զուտ աշխատանքային պարտավորություն է, քանի որ դրական տեղաշարժ չկա, իսկ գերտեսչությունները շատ դեպքերում չեն կիսում զեկույցի լրջությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՐՏ ԲԼԱՆՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ զավեշտալի հայտարարություն արեց՝ անհարմար վիճակի մեջ դնելով ոչ միայն իրեն, այլեւ ողջ արդարադատության համակարգը: Նա ակամայից մատնեց, որ բռնաբարված արդարադատության համակարգի կնքահայրն է եւ շարունակում է արդարացնել ամենակոռումպացված համակարգի ներկայացուցիչներին:
Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց հնչեցրին, ի վերջո, մտահոգիչ չե՞ն արդյոք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռները: Դրանցից մեկի արդյունքում պետբյուջեից Կառավարությունն ավելի քան 70 հազար եվրո փոխհատուցում պետք է տա միայն մեկ ընտանիքի: Նախարարը համաձայնեց, որ այս խնդիրը մտահոգիչ է, եւ դրա լուծման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն: Սակայն այդ քայլերը, Հ. Մանուկյանի գնահատմամբ, պետք է վայրենի չլինեն. «Մենք չենք կարող ունեզրկել դատավորներին, որոնցով նրանք այլեւս չեն կարողանա աշխատել այդ համակարգում: Մենք չենք ուզում, չէ՞, առանց դատական համակարգի երկիր ունենալ: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, այն շատ կարեւոր է երկրի համար: Եթե ուսումնասիրեք եվրոպական երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգ, որեւէ տեղ չեք տեսնի, որ դատավորից գումար գանձվի Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով: Այնպես որ, ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»: Նախարարն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ դատավորներին «նեղացնելը» պայթյունավտանգ կարող է դառնալ: Պաշտոնյան վախենում է, որ անարդար եւ մարդու իրավունքների խախտմամբ վճիռ կայացրած դատավորներից եթե գումար բռնագանձվի, երկիրը կնպաստի այն բանին, որ դատավորները կհրաժարվեն աշխատել համակարգում:
Իսկ ի՞նչ պետք է անել: Նախարար Մանուկյանի առաջարկած դեղատոմսն այն է, որ պետք է դատական համակարգն այնպիսի վիճակի բերել, որ դատական սխալների հավանականությունը շատ քիչ լինի: Թե ինչպե՞ս պետք է քչանան սխալները, հասկանալի չէ: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ընդդեմ ՀՀ-ի նախօրեին կայացված վճիռներից մեկը ներպետական դատական ատյաններում երբ քննվել է, հենց Հովհաննես Մանուկյանն է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Եթե այդպես հեշտ է դատական սխալներից ազատվելը, ինչո՞ւ նախարարը դատավոր եղած ժամանակ «չի ազատվել» դրանցից: Խոսքը 10 տարի առաջ տեղի ունեցած 16-ամյա անչափահաս աղջկա` առանձնակի դաժանությամբ սպանության մասին է, որի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը եւ հաղթեց ՄԻԵԴ-ում:
«Այո՛, երկիրը պարտվել է: Իսկ վճռաբեկի նախագահը դատավորների տնօրենը չէ: Նա չի կարող դատավորներին հանձնարարություններ տալ կոնկրետ գործով եւ որոշել` որ դատավորն ինչ որոշում պետք է կայացնի: Դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են»:
Դե, իհարկե, սրանից ավելի մեծ «քարտ բլանշ» հնարավոր էլ չէր տալ դատավորներին: Նրանք այսուհետ կարող են առավել վստահ լինել, որ սխալ վճիռ կայացնելու դեպքում պատիժ չեն կրի:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետեւակային ականազերծման կայանք: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
ԶՈՐԱՎԱՐԺՎՈՒՄ ԵՆ
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները անցել են Կամխուդ եւ Ալագյազ ուսումնավարժական համալիրներում մարտի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին: Զորավարժություններում ներգրավված են 600-ից ավել զինծառայողներ եւ շուրջ 150 միավոր զինտեխնիկա: Հիմնական գործողությունները ծավալվել են ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ Ալագյազ ուսումնավարժական համալիրում: ՄԻ-24 ուղղաթիռների, ՄԻԳ-29 կործանիչների, «Ստրելա-10» եւ «Իգլա» զենիթահրթիռային համալիրների ու հրետանու կրակային աջակցությամբ խաղարկվել է զորավարժության ավարտական փուլի սցենարը: 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները պահպանել են դիրքերը պաշտպանության գծում, ապա, անցնելով հակահարձակման, չեզոքացրել պայմանական հակառակորդին:
ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը երեկ կոչ է արել սփյուռքահայերին ապրիլի 24-ին Երեւանում լինել եւ մասնակցել անժամկետ բողոքի ցույցերին՝ հանուն իշխանափոխության։ Այս կապակցությամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասել է. «ՌԴ-ում ապրող իմ հարազատ եղբայրը, որը, դիցուկ, ՌԴ քաղաքացի է, ինքն իրավունք չունի իր կարծիքը թելադրի, թե ես կամ դուք ՀՀ-ում ինչպես պետք է ապրենք»:
ՊՈՒՏԻՆԸ ՀԻՎԱՆԴ ԷՐ
«Ռուս զինվորականներն ու հետախույզներն ասել են իրենց ամերիկացի գործընկերներին, որ ՌԴ նախագահ Պուտինը հիվանդ է եղել, երբ մարտին 11 օր շարունակ չի հայտնվել հանրության առջեւ»: Այս մասին ասված է բրիտանական հեղինակավոր The Times պարբերականի հոդվածում: «Էլբա խմբի» (ռուս ու ամերիկացի պաշտոնանկ արված բարձրաստիճան պաշտոնյաների միավորում) հանդիպումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը տեղեկացրել է հրատարակչությանը. «Պուտինը հիվանդացել է, եւ դրանով է բացատրվում նրա կարճատեւ անհետացումը մարտի սկզբին: Բայց Պուտինը պինդ պահում է իշխանությունը, պարզապես ՌԴ քաղաքական մշակույթը բավարար զարգացած չէ ու ունակ չէ խոստովանել ՌԴ առաջնորդի ցանկացած հիվանդություն կամ թուլություն: Մասամբ սա բացատրվում է նրանով, թե ինչպիսի ստորացուցիչ կերպով է արեւմտյան մամուլը ժամանակին ներկայացրել Բորիս Ելցինի «տկարությունը»»: