«Միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար տեղեկատվական դաշտը աշխարհին ներկայանալու հրաշալի միջոց է: Սակայն Արցախում գործող լրատվամիջոցները միաբեւեռ են, եւ վերջին մեկ տարում նորաբաց էլեկտրոնային թերթերը, ընդհանուր առմամբ, պատկերը չեն փոխել»,-խոսելով Արցախի լրատվական դաշտում նկատվող ակտիվության մասին՝ ասաց Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ քանակը որակի չի բերել. «Լրատվամիջոցների առատությունը դեռեւս չի նշանակում, որ տեղեկատվական դաշտը կայացել է կամ ինչ-որ զարգացումներ է ապրում»: Իհարկե, կա նոր իրողությունների, քաղաքական ակտիվության միտում, որը հիմք է տալիս մտածելու, որ կլինեն թեմաներ. «Բայց առայժմ մամուլը չի կարող գոյատեւել, եթե քաղաքական դաշտը իներտ է, ապատեղեկատվական դաշտն էլ թույլ կլինի»:
Տեղեկացնենք, որ Արցախում ներկա դրությամբ հրատարակվում է մոտ երեսուն անուն թերթ, այդ թվում՝ պաշտոնաթերթեր, կուսակցական եւ շրջանային թերթեր, լրատվական կայքեր: Տեղեկատվության աղբյուր են նաեւ գործող ռադիոկայանները, Հանրային հեռուստատեսությունը:
«Սակայն լրատվամիջոցներից ոչ մեկը պատշաճ մակարդակով չի ներկայացնում արցախցու կյանքը»,-այս կարծիքին է Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը: «Միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար տեղեկատվական դաշտը աշխարհին ներկայանալու հրաշալի միջոց է: Այստեղ չկան սահմանափակումներ, ճանաչված-չճանաչված երկիր, կազմակերպություն չկա: Սա այն հրաշալի խողովակն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին եւ նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը: Հենց այդ տեսանկյունից հարցը դիտարկելիս հասկանում ես, թե ինչքան խղճուկ է Արցախի լրատվական դաշտը»,-նշում է Գ. Բաղդասարյանը եւ ասելիքն ամփոփում մեկ նախադասությամբ` ներկայիս լրատվական դաշտը բացարձակապես չի համապատասխանում երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Արցախ