«ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ «ԳԼՈՒԽ Է ՀԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պաշտոնյաները մեծապես նշանակվում են ոչ թե մասնագիտական ունակություններով ու կարողություններով պայմանավորված, այլ պաշտոնյային «չնեղացնելու» կամ ուրիշ շահադիտական դրդապատճառներով: Ու շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ հայրենի պաշտոնյաների մեծ մասը «հրաշամանուկներ» են եւ հաջողությամբ կարողանում են գլուխ հանել բոլոր ոլորտներից:

Օրինակ՝ Արամ Հարությունյանը, որ նախօրեին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, մասնագիտությամբ ճարտարապետաշինարար է: 1984-1985թթ Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում բանվոր է աշխատել: Այնուհետեւ ճանապարհաշինարարական տեղամասի բանվորը կարճ ժամանակ անց «տեղավորվել է» գյուղատնտեսական ոլորտ՝ 4 տարի աշխատելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեում որպես քարտուղար: Բայց քարտուղարի աշխատանքն էլ նրան չի բավարարել, եւ Արամ Հարությունյանը որոշել է պատերազմական թեժ տարիներին փախչել Ռուսաստանի Դաշնություն. 1992-1994թթ նա այնտեղ զբաղվել է առեւտրային գործունեությամբ:
Եւ, ահա, 1994-ին հարստացած, «չաղացած» վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 1996-ը աշխատել է «Հայինկոմսպասարկում», այնուհետեւ՝ «Հայպտուղարտ» ՊՁ-ներում՝ տնօրեն:
Հետո տնօրենի գործը Հարությունյանն իր համար քիչ է համարել՝ որոշելով մտնել մեծ քաղաքականություն: Նա իր առաջին քայլերն արեց «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ անդամագրվելով նրանց շարքերը: 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Բայց երբ երկրորդ անգամ է պատգամավոր ընտրվել 2003-ին, ամենագետ օրենսդիրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է դարձել: Նկատեցի՞ք անցումը: Բնապահպանական, սոցիալական հարցերից պատգամավորը կտրուկ անցում է կատարել ֆինանսական հարթություն:
Ու քանի որ սկսել է ֆինանսներից էլ «գլուխ հանել», ավելի մեծ թռիչք ունեցավ՝ միանգամից 2004-ին նշանակվելով ՀՀ քաղաքաշինության նախարար: Այստեղ ոլորտը մի լավ «շինելուց» եւ ֆինանսական խնդիրների հետ «մոտիկից» առնչվելուց հետո Արամ Հարությունյանը 2007-ին նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար: Մինչեւ 2014-ը Արամ Հարությունյանը շարունակում էր «պահպանել» բնությունը՝ հընթացս «թեթեւացնելով» մեր անտառները, ջրային ու մյուս բնական ռեսուրսները, գրեթե ճահճուտի վերածեց Սեւանա լիճը: Բայց այս ընթացքում Արամ Հարությունյանը հասցրեց դուրս գալ իր հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ դառնալով ցեղակրոն Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ:
Եւ, ահա, 2014-ին նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թե ինչ կապ ունեին Հարությունյանի զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտությունը մարզային չինովնիկի կարգավիճակի հետ, դժվար է ասել: Բայց որ Հարությունյանին չափից ավելի շատ պաշտոններ են վստահվել, որքան էլ որ անտրամաբանական, միեւնույն է՝ աներկբա է:
Եւ, ահա, այսքանից հետո Արամ Հարությունյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Մի պաշտոն, որը չի առնչվում ո՛չ նրա ճանապարհաշինարարի մասնագիտության հետ, ո՛չ բիզնեսմենի, ո՛չ էլ քաղաքաշինության ու բնապահպանության ոլորտների հետ: Բայց, դե, «հրաշամանուկ» նախարարն ամեն ոլորտից «գլուխ» է հանում: Նա կարող է ե՛ւ բնությունը կառավարել, ե՛ւ շինարարությունը, ե՛ւ տնտեսությունը… ե՛ւ նաեւ «ջրային կյանքը»: Ասել է թե՝ «բուլկի» ամեն ինչով՝ չամիչով, շոկոլադով, նույնիսկ խորիզով:
Ու թերեւս սա է մեր երկրի անհաջողություններից մեկը, որ պաշտոնյաները հիմնականում իրենց տեղում չեն: Նրանք ընդամենը «յոլլա են տանում» ոլորտները՝ դրանից բխող անհաջող հետեւանքներով: Իսկ մասնագետներն էլ արտագաղթում են երկրից:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Իսկ ապրիլի 13-ին նոր վարչապետ նշանակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ փոխվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականով եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումով, Armlur.am-ը փորձեց պարզել` ներքաղաքական գործիչների կարծիքները լսելով:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախկին վարչապետը «բավականին արդյունավետ կերպով կործանեց Հայաստանի տնտեսությունը, դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերվում է նոր վարչապետի աշխատանքի գնահատականին, մենք ասել ենք` երբեւէ որեւէ անձով կաշկանդված չենք եղել: Բնականաբար, խմբակցությունում մենք նախատեսում ենք մի շարք քննարկումներ, այդ թվում կքննարկենք, թե այս ընթացքում ինչ դրական տեղաշարժեր են եղել կամ չեն եղել նոր Կառավարության գործունեության վերաբերյալ: Մեր գնահատականը, վստահ եղեք, մենք կհնչեցնենք»,- ասաց ԲՀԿ նախագահը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, որ վարչապետը չէր հիմնական դեմքը, որով պայմանավորված կարող էր փոփոխություններ լինել: «Իմ կարծիքով, այսօր կառավարման հիմնական լծակները գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքին եւ միայն նրա փոփոխությամբ է հնարավոր լուրջ փոփոխություններ: Քիչ թե շատ բոլոր կարեւոր գործերը Սերժ Սարգսյանի հետ է պայմանավորվում»,- ասաց Դանիելյանը: Վերջինիս խոսքով` Հայաստանն այսօր կանգնած է լուրջ փոփոխությունների պահանջի առաջ: «Այն կոռուպցիոն բուրգը, որը գործում է, դրա գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը»,- տեսակետ հայտնեց Ստեփան Դանիելյանը:
Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի խոսքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականով եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումով մի բան պարզ դարձավ, որ «ռեժիմից որեւէ սպասելիք չկա»: «Այդ բոլոր փոխատեղումներից որեւէ օգուտ լինել չի կարող: Այս ընթացքում պայթեց դեկորատիվ ընդդիմության փուչիկը, եւ շատ ավելի հստակ դարձավ, որ համակարգի մեջ փոփոխություններ սպասելն այլեւս անիմաստ է: Շատ ավելի մեծ ռեալ քայլերով գնում են դեպի գահավիժում` տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական»,- նշեց Գ. Չուգասզյանը: Նա նշեց, որ կարող ենք արձանագրել շատ հստակ տնտեսական ճգնաժամ: «Երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, որի մասին չի խոսվում: Իսկ, դե, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: Ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրացում եւս կարող ենք արձանագրել»,-եզրափակեց իր խոսքը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ ընդհանրապես հրաժարվեց գնահատական տալ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը. «Թող իմ գնահատականներն իմ մեջ մնան»,- ասաց պատգամավորը:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 
ՏՈՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ` ԹՈՒՂԹ

Դիլիջան քաղաքի ավտոկայարանում Դիլիջան-Երեւան միկրոավտոբուսային ուղերթի համար տոմս գնելու դեպքում ուղեւորներին տոմսի փոխարեն տալիս են սպիտակ թղթի փոքր կտոր, որի վրա գրիչով գրված է տվյալ օրը, ուղերթի մեկնարկի ժամը եւ ուղեւորի նստատեղը: Թղթի մի անկյունում՝ ուղղանկյան մեջ, կնքված գրառում կա՝ «Ավտոկայան 27»:

«Ժողովուրդը» որոշեց պարզել, թե որն է պատճառը, որ Դիլիջանի ավտոկայարանում ուղեւորներին տոմսերի փոխարեն թղթի կտորներ են տալիս եւ դիմեց այդ ավտոկայարանի դիսպետչերներից մեկին: Նա ասաց, որ խնդիրն իրենց պատճառով չէ, այլ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի: Վերջինիս պետի տեղակալ Վահագն Բաղդասարյանն էլ հայտնեց, որ իրենք են պատվիրում ավտոկայարաններում տրվող տոմսերը: Նրա հետ հեռախոսազրույցից տեղեկացանք, որ այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Դիլիջանի, այլեւ հանրապետության այլ քաղաքների ավտոկայարաններում:
Վ. Բաղդասարյանի խոսքերով՝ տոմսերի հին խմբաքանակը սպառված է, նոր տոմսերի տպագրման պատվերը տպարանին տրված է, եւ առաջիկա մի քանի օրերին այդ հարցը կլուծվի: Վ. Բաղդասարյանը, այնուամենայնիվ, տարակուսում էր, թե ինչ խնդիր կա, եթե տոմսի փոխարեն կնքված թղթի կտոր են տալիս: Մեր հարցին, թե որքան ժամանակ է, որ տոմսերի փոխարեն ուղեւորներին թղթի կտորներ են տրվում, ավտոկայարանի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ ընդամենը մի քանի օր է: Նշենք, որ դա այդպես չէ, քանի որ այս փետրվարի 16-ին «Ժողովուրդ»-ի թղթակիցս Դիլիջան քաղաքից միկրոավտոբուսով Երեւան մեկնելով՝ ավտոկայարանի տոմսարկղից ստացել եմ տոմսին փոխարինող թղթի կտորը եւ այն պահել եմ ինձ մոտ: Այսինքն՝ ոչ թե մի քանի օր (ինչպես հավաստիացնում էր Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի տնօրենի տեղակալը), այլ առնվազն մեկուկես ամիս այդ խնդիրն առկա է:
Հանրապետությունում կան բազմաթիվ տպարաններ, միթե Հյուսիսային ավտոկայարանի տնօրինությունը չի կարողացել ժամանակին տոմսերի պատվեր տալ: Ի վերջո, ո՞ւր են գնում տոմսերի տպագրության համար նախատեսված գումարները: Հաշվեք՝ ամեն օր Հայաստանի տարբեր ավտոկայարաններում քանի ուղեւոր է տոմս գնում: Այդ քանակի տոմսերի տպագրության համար «խնայված» գումարները ամիսների ընթացքում մեծ թվեր են կազմում: Հուսանք, որ այս հրապարակումից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միջոցներ կձեռնարկի՝ նման վիճակը վերացնելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հանրային խորհրդում տեղի ունեցած երեկվա քննարկման ընթացքում նախկին «Միկա Ցեմենտ», այժմ՝ «Հրազդան Ցեմենտ» ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը դժգոհել է ընկերության գործունեության հետ կապված դժվարություններից. «Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամի պատճառով արդյունաբերությունը գտնվում է շատ վատ վիճակում: Ցեմենտի արտադրության ծավալները նվազեցին, հարկերը ժամանակին չկարողացանք վճարել, շինարարության աշխատանքները կանգ առան: Հարկերը ժամանակին չմուծելու պատճառով սկսեցին հաշվարկել տույժ եւ տուգանքներ: Գումարները հավաքվեցին, կուտակվեցին: Կոնկրետ մենք 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ ունենք 509 մլն դրամ պարտք, որից 367 մլն-ը տույժ էր հաշվարկված: Մայր գումարը 141 միլիոնն էր»:




Լրահոս