ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Նալբանդյան փողոցում

«Վարդանի վարդեր» անունը կրող մոտոցիկլը Երեւանի տարբեր փողոցներում ծաղիկներ է առաքում: Փոխադրամիջոցն աչքի է ընկնում իր գունագեղ զարդարանքով ու կարծես թե հանրության ուշադրությունն էլ գրավում է հատկապես դրա համար: Երեւի մոտոցիկլի վարորդն այն զարդարել է նաեւ կանանց միամսյակի առիթով:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ինչպես գիտենք՝ գազի սպասարկման համար վճարվող գումարների գանձման ընթացակարգը փոխվեց, ինչը մեծ աղմուկ առաջացրեց քաղաքացիների շրջանում: Կցանկանայի իմանալ՝ ինչի համար են կատարվել այդ փոփոխությունները, քանի որ ես՝ որպես թոշակառու, չեմ կարող միանգամից այդքան գումար վճարել: Խնդրում եմ՝ պարզաբանեք:

Սիլվարդ Կիյաջյան (72 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ) կատարված մի շարք փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 15.10.2014 թ. N383Ն որոշմամբ սահմանվել է «Բնական գազի մատակարարման (Մատակարար-բաժանորդ (բնակիչ))» պայմանագրի նոր օրինակելի ձեւ: Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից:
Նոր օրինակելի ձեւի պայմանագրում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման կարգին: Ըստ նախորդ եւ նոր պայմանագրերի` մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն 2 անգամ բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ առնվազն մեկ անգամ հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:
Նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50%-ը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետո հաջորդող հաշվարկային ամսում: Եթե անհրաժեշտության դեպքում բաժանորդի մոտ տվյալ հաշվարկային կիսամյակում մեկից ավել սպասարկում է կատարվել, ապա լրացուցիչ սպասարկումների մասով հաշվեգրում չի կատարվելու:
շարունակելի…

«Գազպրոմ Արմենիա» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձում է պատճառաբանություններ ներկայացնել գազասպառման ներտնային սպասարկման վճարների հետ կապված եւ այդ կերպ արդարացնել կատարված փոփոխությունները, սակայն ինչպես փաստում են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ, մեծամասամբ թոշակառուներ, իրենք չեն կարող միանգամից այդքան գումար վճարել, քանի որ կենսաթոշակով հնարավոր չէ միանգամից մի քանի ամսվա համար սպասարկման վճարումները կատարել: Տարակուսելի է, թե ինչպես է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն անգամ հանրային շահերը ոտնահարող որոշումներ ընդունում:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես 2009 թվականից բնակվում եմ Ֆրանսիայում: Շուտով կլրանա իմ 27 տարին: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, ո՞ր մարմնին եւ որքա՞ն գումար, որպեսզի ազատվեմ Հայաստանի Հանրապետության պարտադիր զինծառայությունից եւ կարողանամ ազատ ելումուտ անել ու զինվորական գրքույկ ունենալ:

Կարեն Մովսիսյան (26 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հասցեագրված գրության՝ տեղեկացնում ենք, որ նշված քաղաքացու զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ Կառավարության 2004թ. մարտի 4-ի N 264-Ն որոշմամբ սահմանված կարգով, ինչին նրանք կարող են ծանթանալ arils.am կայքում:

ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Մուրադյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաեւ նա ստանում է զինվորական գրքույկ եւ հաշվառվում է պահեստազորում: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:




Լրահոս