ՆՐԱՆՔ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ԱՆԱՐԳՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Ծիծեռնակաբերդում` Եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ, կին ՀՀԿ-ականների սարքած խրախճանքը լրատվական դաշտում պայթյուն առաջացրեց: Վերջին երկու օրերին Հայաստանում բոլորը հենց միայն այդ դեպքի մասին են խոսում: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե Ծիծեռնակաբերդում լայն ժպիտով քայլելով եւ ծաղիկներն օդում թափահարելով ինչ էին ուզում ասել կին ՀՀԿ-ականները: Թեեւ մյուս կողմից փաստ է, որ նրանք Ծիծեռնակաբերդում ընդամենն իրենց բնական վիճակում էին` իրականությունից կտրված, հանրության կարծիքն արհամարհած: Նրանք անկեղծորեն ցանկանում էին ասել, որ Հայաստանի եւ նրա բնակչության զգացմունքները, հոգսերն ու ցավերը իրենց երբեք չեն հետաքրքրել: Կին ՀՀԿ-ականներն այդպիսով անուղղակի ամոթանք էին տալիս Հայաստանի ողջ հանրությանը, որովհետեւ այդ կանանցից ամեն մեկին մի պատասխանատու աշխատանք վստահված է, մասնավորապես, նրանց մեծ մասը դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեններ, փոխտնօրեններ եւ ուսմասվարներ են: ՀՀԿ-ի ընտրակեղծարար համակարգի առանցքը հենց այդ կանայք են: Նկատենք, որ ժպտացող այս կանանց ընտրությունների շրջանում կարելի է տեսնել տեղամասային եւ ընտրատարածքային հանձնաժողովներում` անմոռաց տրված ՀՀԿ-ի համար թվեր «սարքելու գործին»: Այսինքն՝ շաբաթ օրը կին ՀՀԿ-ականները ցանկանում էին ասել, որ եթե հանրությունը թույլ է տալիս, որ իրենք որոշեն Հայաստանի վաղվա օրը, ապա լավ են անում, պղծում են այդ հանրության սրբությունները, որովհետեւ իրենց` կին ՀՀԿ-ականների վաղվա օրվա մեջ հանրության կարծիքն ու անցյալի վիշտը ոչինչ են:
Հ. Գ. Անկախ ամեն ինչից՝ այսօր ապրիլի 7-ն է, «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է կանանց եւ աղջիկներին (այդ թվում եւ՝ ՀՀԿ-ական ժպտերես կանանց)՝ մաղթելով քնքշություն, սեր ու անհոգ օրեր:

 

 

 

Ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն փաստացի չի հերքում իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին լուրերը: «Ժողովուրդ» օրաթերթը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին ուղարկել էր հետեւյալ հարցումը. «Հայաստանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ձեր ընկերությանը պատկանող «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնեմասերը Դուք պատրաստվում եք վաճառել: Արդյո՞ք Ձեր ընկերությունը նման մտադրություն ունի, եւ ում կամ որ ընկերության հետ են բանակցություններ տարվում՝ այդ գործարքը կայացնելու նկատառումով»: Երեկ «Ժողովուրդ»-ը ստացել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նիկոլայ Գորելովի հետեւյալ պատասխանը. «Մենք չենք կարող մեկնաբանել Ձեր տեղեկությունը: Ցանկացած գործարք, որը որ իրագործվել է, անմիջապես պաշտոնապես այդ մասին հայտարարվում է»: Այլ կերպ ասած՝ մտադրությունը ո՛չ հերքում եւ ո՛չ էլ հաստատում են, սակայն գործարքը դեռեւս չի կնքվել, երբ կնքվի այդ մասին կհայտարարեն:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝ Գագիկ ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» կամ վիրավորանք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: «Բնականաբար, պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ քաղաքականության հետ այլեւս որեւէ կապ չունի, իսկ թե մասնավոր զրույցներում, որպես մարդ, որպես անհատականություն, ինքն ինչ թեմաների մասին է զրուցում կամ չի զրուցում, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ: Զրույցները, բնականաբար, կարող են լինել տարբեր թեմաներով, ու ես չեմ կարող մեկնաբանել որեւէ նման հարց»,- պատասխանեց Ծառուկյանի խոսնակը:

 

 

 

 

 
Վերջին օրերին կրկին ակտիվորեն քննարկվում է մեռելոցների օրերը ոչ աշխատանքային հայտարարելու նպատակահարմարության հարցը: Այս քննարկումների ընթացքում «մեռելոցների խնդիրը» ներկայացվում է որպես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից մնացած ժառանգություն: Իբր, տեսեք՝ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր ազատվել նախորդից մնացած այս անհեթեթ ժառանգությունից, բայց չկարողացավ դա անել: Իրականում, սակայն, ոչ աշխատանքային մեռելոցների գաղափարի հեղինակը ո՛չ Տիգրան Սարգսյանն է եղել եւ ո՛չ էլ նրա գլխավորած Կառավարությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եկեղեցական հինգ տաղավար տոների հաջորդ օրը` մեռելոցները, ոչ աշխատանքային դարձնելու գաղափարի հեղինակը կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Ժամանակին հենց նա է Սերժ Սարգսյանից պահանջել այդ նորարարությունը մտցնել եւ հետագայում էլ պարբերաբար պնդել է, որ այն պահպանվի: Նա այդ կերպ բոլորին ի ցույց է դնում իր ունեցած իշխանությունը Սերժ Սարգսյանի եւ նրա հին ու նոր կառավարությունների վրա:

 

 

 

 
«ԻՆՔՆԱՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ըստ ՌԴ ԱԳ պաշտոնական հաղորդագրության` Նալբանդյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի արտաքին քաղաքականության համակարգման հետ կապված հարցեր: Այսպիսով` փաստորեն, ռուսական կողմը բաց տեքստով հայտարարում է, որ ՀՀ արտգործնախարարը կանչվում է Մոսկվա` հերթական ցուցումներն ու հրահանգները ստանալու համար: Սա, իհարկե, այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չէ, առավել եւս, որ հայ-ռուսական հարաբերությունների բնույթն այդպիսին է արդեն ավելի քան տասնհինգ տարի: Օրինակ՝ Վ. Պուտինը դեռեւս 10 տարի առաջ հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանին կանչելու է «կոնսուլտացիաների», Բ. Գռիզլովն էլ նշում էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Այնպես որ՝ այն, որ Էդվարդ Նալբանդյանին արտաքին քաղաքականության համակարգման համար հարկ են համարել հրավիրել Մոսկվա, այլ ոչ թե հրահանգներն ուղարկել են էլեկտրոնային նամակով, արդեն իսկ «առաջընթաց» է:
Իհարկե, այս անգամ Նալբանդյանին անձամբ «համակարգելու» անհրաժեշտությունը էապես պայմանավորված է Իրանի շուրջ զարգացումներով եւ հայ-չինական հարաբերություններում գրանցված վերջին առաջընթացով: Ըստ ամենայնի, Լավրովը նախ ցանկանում է լսել, թե ինչ ծրագրեր ունեն ՀՀ իշխանությունները, ապա միայն անցնել «համակարգմանը»:
Թեեւ դատելով Էդվարդ Նալբանդյանի` «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված վերջին հարցազրույցից՝ նա այնպես է «ինքնահամակարգվում», որ լրացուցիչ հրահանգների կարիք չկա էլ: Անդրադառնալով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ Նալբանդյանն այնպիսի մի գովք է անում, որ ընթերցողին կարող է թվալ, թե ներկայումս Հայաստանում ոչ թե արտահանման ծավալները կրճատվել են 100 անգամ, ոչ թե դրամային հոսքերը նվազել են 41 տոկոսով, ոչ թե գնաճը հասել է անտանելի չափերի, այլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում «կոմունիզմը եկել է»: «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական եւ գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ եւ այլն: Առավելություններն ակնհայտ են»,- ընդգծել է Նալբանդյանը:
Եվ ոչինչ, որ յուրաքանչյուր բանական մարդու մոտ հարց է առաջանում՝ եթե ԵՏՄ-ն անգամ «ոսկե սարեր» է մեզ տալու, ինչ կարիք կա այդ մասին անընդհատ բարձրաձայնելու` հարուցելով մեր մրցակիցների խանդը, չէ որ Բելառուսն ու Ղազախստանը անընդմեջ բողոքում են ԵՏՄ-ից` այդպիսով նորանոր օգուտներ քաղելով: Էդվարդ Նալբանդյանի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է, այստեղ չեն գործում դիվանագիտության եւ տրամաբանության նորմերը, այստեղ գործում է բացառապես «ինքնահամակարգման» պաթոլոգիան:




Լրահոս