Պաշտոնական թվերով անգամ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, լինի դա բեռնափոխադրումներ թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ նվազել են 8,8 տոկոսով, կամ նույնն է թե՝ 120 հազար տոննայով:
Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը: Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում տնտեսական աճից խոսելն անհեթեթություն է: Առավել եւս, որ բեռնափոխադրումների ծավալները ոչ միայն մեկ կամ երկու առանձին տրանսպորտի տեսակներով է նվազել, այլեւ բոլորով: Այսպես՝ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 14,7 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 4,9 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 1,5 տոկոսով: Կտրուկ նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 25,6 տոկոս: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումն այդքան մեծ չի` 1,1 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է ավելի քան կիսով չափ` 51,7 տոկոսով, ներմուծումը նվազել է 19,1 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 7,7 տոկոսով: Ի դեպ, հենց այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը քիչ է նվազել: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ լուրջ անկում է արձանագրվել. արտահանման դեպքում` 40 տոկոս, իսկ ներմուծումը` 43,3 տոկոս:
Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները, այս դեպքում անկումը կազմել է 13,8 տոկոս: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա առաջին երկու ամիսներին անցած` 2014 թվականի համեմատ զգալի նվազել է: Այս երեւույթն իր հերթին բացատրում է այն հանգամանքը, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Գազի ներկրման անկման արդյունքում Ռուսաստանի` Հայաստանից ստացվող եկամուտները փաստացի նվազել են, եւ ռուսական կողմը որոշել է իր «կորուստները» փոխհատուցել՝ գազի գինը բարձրացնելով:
Եթե բեռնափոխադրումների ծավալն արտացոլում է ընդհանուր տնտեսության պատկերը, ապա ուղեւորափոխադրումներն անմիջական արտացոլում են հանրապատության ժողովրդագրական վիճակը: Այսպես՝ ընդհանուր ուղեւորափոխադրումները նվազել են 4,5 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը անցած տարվա համեմատ գրեթե չի փոխվել եւ նույնն է մնացել: Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 11,7 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 5,2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 15,5 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է` ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար մարդ: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա:
Մեկ ուշագրավ տվյալ եւս՝ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն, անցած տարվա համեմատ, աճել են 2,7 տոկոսով: Էլեկտրատրանսպորտ ասելով տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյից բացի՝ մի քանի հատ տրոլեյբուս է մնացել Երեւանում, որոնց մեկ-մեկ կարելի է մայրաքաղաքի փողոցներում հանդիպել: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը մոտ մեկ տասնյակ ավտոբուսային երթուղիներ հանեց շահագործումից եւ երթուղիներն այնպես ձեւափոխեց, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված լինեն անպայման երկու տրանսպորտից օգտվել: Երեւանի քաղաքապետարանի քայլը` վերգետնյա տրանսպորտից օգտվելու հարցում ուղեւորների համար խոչընդոտներ ստեղծելն է հավանաբար պատճառ դարձել, որ երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը սկսեն ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԵՐԱՇԽԻ՞Ք, ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է համաձայնություն տալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականի մարտի 24-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրված բանկային երաշխիքին: Թե ինչ երաշխիքի մասին է, ինչ պայմանով ու ինչի դիմաց է տրվում, հայտնի չէ, քանի որ այդ փաստաթուղթը, չգիտես ինչու, չի հրապարակվում եւ համապատասխան որոշման նախագծին կցված չէ:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է «Հրազդան» տոնավաճառից Աբովյանի տոնավաճառ «տեղափոխված» առեւտրականների համար հատուկ ցայտաղբյուր կառուցել: Բանն այն է, որ երբ նա առեւտրականներից տեղեկացել է, որ «Հրազդան» տոնավաճառում նրանք ստիպված են եղել խմելու ջուր գնել, քանի որ տարածքում ցայտաղբյուր չի եղել, որոշել է իր տոնավաճառում այդ սխալն ուղղել եւ հանձնարարել է մարմարից ցայտաղբյուր պատրաստել եւ տոնավաճառի տարածքում տեղադրել: Ի դեպ, ենթադրվում էր, որ նոր տոնավաճառի բացումը տեղի կունենար ապրիլի 5-ին, բայց կրկին այն հետաձգվել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ ասաց. «Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասում ներկայումս մեծ թափով շարունակվում են առեւտրի կենտրոնի շինարարական աշխատանքները, ըստ ամենայնի, աշխատանքներն ավարտին կհասցվեն ապրիլի վերջին տասնօրյակում, ու համապատասխանաբար կլինի նաեւ բացման արարողություն: Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած ցայտաղբյուրին, ապա, այո՛, տարածքում գործելու է ցայտաղբյուր, որը նոր է կառուցվել»:
ՋՐԻ ՓՈՂՈՎ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2013 թվականի մարտի 6-ի որոշմամբ «Քաջարան մոնտաժ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է «Ձագեձոր ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2016 թվականի մարտի 6-ը: Ի սկզբանե կայանը պետք է ունենար 1415 կՎտ հաշվարկային հզորություն: Այս տարվա փետրվարի 23-ին «Քաջարան մոնտաժ»-ը դիմել է ՀԾԿՀ-ին` ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը 1825 կՎտ դարձնելու խնդրանքով: Սակայն հետագայում պարզել է, որ նշված ընկերությունը, չսպասելով ՀԾԿՀ-ի համաձայնությանը, սկսել է նոր հզորությամբ կայանի շինարարությունը: Արդյունքում ՀԾԿՀ-ն մարտի 12-ին որոշել է «Քաջարան մոնտաժ» ՍՊԸ-ին տուգանել 500 հազար դրամի չափով: Նշված ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում բողոքարկել ՀԾԿՀ-ի որոշումը: «Չեմ բողոքարկի, որովհետեւ գիտեմ, որ ինքս խախտում եմ արել»,- ասաց Մինասյանը: Ի դեպ, այս ընկերության անունը, ըստ շրջանառվող լուրերի, կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի հետ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԵՆ ԸՆԴԳՐԿԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեության մասին 2014 թվականի տարեկան զեկույցը, որում հիշատակում չկա Մարտի 1-ի մասին: Մինչդեռ նախորդ տարի` Մարտի 1-ի զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ, Կոստանյանը խոստացել էր, որ բացահայտման հարցում առաջընթաց կլինի: «Վերջին տասը տարվա մեջ գոնե կարող ենք հստակ, աներկբա ասել, որ Մարտի 1-ը ամենամեծ հնչեղություն ունեցող ողբերգությունն է, սպանդն է, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Եվ, եթե դատախազությունը չի անդրադառնում այդ հիմնական՝ թիվ 1 հարցին, բնականաբար հարց է առաջանում, ապա ո՞ր հարցերն են, որ իր համար դոմինանտ են, առաջնահերթ են, կարեւոր են։ Հենց հարցը չընդգրկելն արդեն պատասխանն է ձեր հարցին՝ ինչո՞ւ չի ընդգրկել», – «Ազատության»-ն ասել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
Պաշտպանության նախարարությունը, ընդհանուր առմամբ, ընդունում է Մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը՝ հույս հայտնելով, թե բարեփոխումների միջոցով կկարողանան լուծել այդ խնդիրները։ «Դրա համար, սակայն, ժամանակ է պետք», – «Ազատության»-ն ասել է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում փաստել է՝ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 45 դեպք՝ 26-ը սահմանային միջադեպերի, իսկ 19-ը, այսպես կոչված, խաղաղ պայմաններում՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է: ՄԻՊ գրասենյակը եզրակացրել է՝ «դրանցից շատերը եղել են պատասխանատու սպաների թերացումների հետեւանք»։
ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական կազմակերպությունները նոր շարժում են սկսել՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: «Թող պատմությունը որոշի» անվանմամբ քարոզարշավը կազմակերպել է թուրք-ամերիկյան համակարգիչ հանձնաժողովը, որի կազմում 145 թուրք-ամերիկյան կազմակերպություններ են մտնում: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նրանք ծրագրում են միջոցառումների շարք անցկացնել Միացյալ Նահանգների տարբեր վայրերում՝ Վաշինգտոնում, Թեքսասում, Նյու Յորքում: Թուրքական քարոզարշավի հիմնական կարգախոսն է՝ «Մի՛ բաժանեք մեզ, միավորե՛ք»:
ՄԻՆՉԵՎ ՉՀԵՌԱՆԱՆ
Գլխավոր դատախազության գործունեության՝ 2014թ. զեկույցում Մարտի 1-ի մասին հիշատակության բացակայության հետ կապված Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, armlur.am-ին ասել է. «Գլխավոր դատախազն «իրավունք չուներ» Մարտի 1-ի վերաբերյալ նշել, քանի որ վաղուց իշխանության մոտ Մարտի 1-ի էջը հանված է: Նա ասել էր, թե ՀՔԾ են գնում, այս են անում, այն են անում, ես այդ ամենը շոու եմ անվանում»: Մարտի 1-ին զոհվածի հոր խոսքով` այս պարագայում պետք է սպասել այնքան ժամանակ, մինչեւ ներկայիս իշխանությունները կհեռանան, եւ բոլոր մեղավորները կպատժվեն:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս գալուց հետո որոշել է զբաղվել հասարակական գործունեությամբ: Նա հիմնել է հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է Գյումրու հիմնախնդիրների լուծմամբ, մասնավորապես, քաղաքի երկրորդական ցեխոտ փողոցների ասֆալտապատմամբ: Խոսակցություններ են շրջանառվում, որ այդպիսով նա նախապատրաստվում է 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին: