Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:
Մինչ դեպքի մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ ապրիլի 5-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել Գորիս քաղաքի մի բնակիչ, որը չցանկանալով ներկայանալ` հայտնել էր, որ Գորիսում մի խումբ տղաներ մեքենաներով շրջում են, եւ այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկին են սպասում կամ հետապնդում: Իսկ թե կոնկրետ ում են հետապնդում, կամ ովքերն են հետապնդում, քաղաքացին չէր ցանկացել հայտնել` նշելով, թե այլ մանրամասներ չի կարող փոխանցել: Այս ահազանգից մի փոքր ուշ մեզ տեղեկություններ հասան, որ Գորիսի ԲՀԿ մասնաճյուղի նախագահ, ինչպես նաեւ Գորիսի ոստիկանության վետերանների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Հակոբյանը պատմեց, որ ապրիլի 5-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող Ծիածան շինանյութի խանութի մոտ մի խումբ տղաներ մեքենայով նախ հետապնդել են իրեն, իսկ ավելի ուշ սպառնացել. «Մեքենաներից մեկը «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա էր՝ 077 QQ 77 պետհամարանիշով, իսկ մյուսը՝ «Պորշ կայեն»՝ 77 AV 077 պետհամարանիշով: Մեքենաներից մեկի ղեկին նստած էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը մեքենայով երկար հետապնդելուց հետո սկսեց ինձ սպառնալ, թե քեզ սպանելու եմ, մորթելու եմ: Այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ ինձ թույլ չեմ տա այդ մասին Ձեզ հայտնեմ: Կատարվածից անմիջապես հետո ոստիկանություն եմ շտապել եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն առայժմ ոստիկանության կողմից որեւէ քայլ չի իրականացվել, եւ որեւէ ձայն չկա»:
Մեր այն հարցին՝ իսկ ինչն է պատճառը, որ Սուրեն Խաչատրյանի որդին հետապնդել է իրեն եւ սպառնացել է մորթել, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց. «Ես Բուդաղյանների ընտանիքի բարեկամ եմ, Բուդաղյանների փոքր տղան իմ դստեր ամուսինն է, եւ ես Տիգրան Խաչատրյանի արարքը կապում եմ Խաչատրյանների եւ Բուդաղյանների ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի հետ»:
Հիշեցնենք, որ 2013թ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը:
Ռոբերտ Հակոբյանը չբացառեց նաեւ այն վարկածը, որ Տիգրան Խաչատրյանի սպառնալիքները կարող են կապ ունենալ նաեւ իր քաղաքական գործունեության հետ` հաշվի առնելով այն, որ ինքը հանդիսանում է Գորիսի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էմիլ Բուդաղյանը՝ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը, անդրադառնալով իր խնամու` Ռոբերտ Հակոբյանի նկատմամբ հնչած սպառնալիքներին, ասաց. «Նրանք թող ռիսկ չանեն՝ միանգամից մեզ կպնեն, քանի որ առանց այն էլ հոգուն վրա է հասել, ինչքան ընկերություն կա, նրանց են կպնում: Նրանք ձգտում են, որ մենք սխալներ թույլ տանք, բայց մենք մեզ պահում ենք, մինչ դատական պրոցեսները ավարտվեն, որ նոր տեսնենք, թե ինչ կարող ենք անել»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որը, սակայն, հավաստիացրեց, թե այդ ամենը «շանտաժ է»:
Մեր այն պնդմանը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող «Ծիածան» շինանյութի խանութի մոտ տեսել են իր որդու մեքենան, ավելին՝ Հակոբյանը տեսել է իր որդուն, որը սպառնացել է, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իմ տղան այդ ժամանակ տանն է եղել, սակայն իրա մեքենայով իր ընկերն է անցել, բայց ընկերն էլ ասում է, որ ես այդ մարդուն ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ նման խոսակցություն է եղել: Կրկնում եմ՝ սա շանտաժ է, չկա նման բան»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող «Ծիածան» շինանյութի խանութի սեփականատեր Նարեկ Հովսեփյանի հետ: Ըստ նրա` ինքը նշված ժամին տեսել է Ռոբերտ Հակոբյանին իր խանութի մոտ. «Ես մեր խանութի մոտ կանգնած էի, եւ այդ մարդը սովորականի պես մոտենում էր մեր խանութին, իսկ այդ մեքենան, որի ղեկին նստած էր Դերենիկը, այդ ընթացքում անցավ նրա կողքով, եւ որեւէ բան չի եղել: Այդ մարդը մեր աշխատողներից բան է հարցրել եւ դուրս եկել: Եթե որեւէ մարդու մի բան ասեն, ապա նրա դեմքի վրա մի միմիկա կփոխվի, բայց ինքը սովորականի պես մտավ ու դուրս եկավ: Իսկ ավելի ուշ, երբ իմացա, որ սպառնացել են այդ մարդուն, շատ զարմացա, քանի որ ես ականատես եմ եղել, թե ինչպես է մեքենա անցել, եւ այդ մարդը սովորականի պես մտել է մեր խանութ, եւ որեւէ այլ բան տեղի չի ունեցել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵԿԸ ԴԵՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԿՈՂՄ
Նախորդ շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզպետարանում նույն մարզի գյուղապետերին բաժանվեցին սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգի գրքույկները: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նույն մարզի Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանի եւ Տանձավարի գյուղապետ Արսեն Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ծանոթացե՞լ եք սահմանադրական բարեփուխումների հայեցակարգին:
-Կամաց-կամաց ծանոթանում եմ էլի: Կարդում եմ:
-Ի՞նչ առարկություններ ունեք:
-Առանձնապես ոչ մի մտահոգություն չունեմ:
-Համաձա՞յն եք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն:
-Ո՛չ, մեզ մոտ խորհրդարանականը չի ստացվի: Պատերազմական իրավիճակում ենք: Իսկ այս դեպքում միանձնյան ավելի լավ կկառավարի, քան խորհրդարանական ձեւով:
-Իսկ քաշունցիներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Մեր գյուղացիները ոչ մի բան էլ չեն մտածում: Ինչ կորոշի մեր Կառավարությունը, Ազգային Ժողովը, համաձայն ենք: Մենք մեր գյուղում 5-10 մարդ ենք, ուզենք-չուզենք, պետք է համաձայնենք: Բայց անձամբ ես կողմ չեմ խորհրդարանական կառավարման մոդելին:
-Այս հարցը Ձեր գյուղի բնակիչներին չի՞ հետաքրքրում:
-Ոչ ոք չի հետաքրքրվում: Իրենք միայն մտածում են իրենց կենսաթոշակի բարձրանալու, ճանապարհների վերանորգման, գյուղի բարեկարգման մասին:
-Պարո՛ն Հակոբյան, հայեցակարգին ծանոթանալու ընթացքում կոնկրետ ո՞ր կետին եք համաձայն, որին՝ ոչ:
-Հատվածներ կան, որոնք կարդալու ընթացքում գրիչով ընդգծել եմ, որպեսզի մեկ այլ մասնագետի հետ պարզաբանեմ, հասկանամ: Այնուհետեւ իմ եզրակացությունը կտամ: Շատ բարդ է: Գուցե՞ ես լավ չեմ հասկանում: Տերմինաբանությունն է բարդ: Նաեւ պետք է հասկանամ, թե ինչն ինչոց է: Հայեցակարգը՝ որտեղ, ես՝ որտեղ:
-Այս թեմայի շուրջ քաշունցիների հետ քննարկում անցկացնելո՞ւ եք:
-Առաջիկայում կանենք:
-Պարոն Հարությունյա՛ն, Դուք կառավարման ո՞ր մոդելին եք կողմ՝ կիսանախագահական, թե՞ խորհրդարանական:
-Ես ընդհանրապես բարեփոխումների կողմնակից եմ: Եթե, իհարկե, այս ամենը բարեփոխումներ են: Ներկա իրավիճակում մեկ մարդու որոշումը դա ճիշտ չեմ գտնում: Ճիշտ կլինի՝ կոլեգիալ որոշում կայացվի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՏԱՐՀԱՆԵԼ ԵՆ
Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Եմենից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու տեղեկությունը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել է, որ Եմենից տարհանվել է ՀՀ մինչեւ 10 քաղաքացի: «Դեռեւս կոնկրետ տվյալներ չկան»,-ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 4-ին ռուսական կողմը շարունակել է Եմենից ռուսաստանցիների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման միջոցառումները:
ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանը մարտի 25-ից գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Armlur.am-ի փոխանցմամբ՝ բժիշկները Արսենի հարազատներին հայտնել են, որ նրա մոտ պսորիազը հաճախ է կրկնվում սթրեսային վիճակի` վերջնական չանցնելու հետեւանքով: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանը հայտնել էր, որ հակառակորդի մոտ գտնվելու ողջ ընթացքում ինքը չի սնվել եւ չի քնել: Սրա արդյունքում նրա մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել տարբեր հիվանդություններ:
ՄԻՋԱԴԵՊ
Երուսաղեմում հերթական միջադեպն է գրանցվել ուլտրաուղղափառի ու հայ սեմինարիստի միջեւ: NEWS.am-ի տեղեկացմամբ` ապրիլի 4-ին Հին քաղաքում 17-ամյա հրեա կրոնական ուլտրաուղղափառը թքել է հայ սեմինարիստի վրա: Վիճաբանության արդյունքում ուղղափառը գլխի վնասվածքով տեղափոխվել է «Շաարեյ Ցեդեկ» բժշկական կենտրոն: Հայ սեմինարիստին ձերբակալել են ու հանձնել քննչական մարմիններին:
«ՋՈՒՆԳԼ»-Ի ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
Armlur.am-ի տեղեկություններով` ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանը, ով առավել հայտնի է Ջունգլ մականվամբ, երեկ ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նշենք, որ ազատության մեջ է նաեւ Գեւորգ Սարգսյանի քրոջ որդին` Սարգիս Ղուկասյանը: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով` դեպքի օրը մեղադրյալները տուժողին միջին ծանրության մարմնական վնասվածք են հասցրել: Ստացվում է, որ նրանք ազատամարտիկի սպանության հետ կապ չունեն: Ի դեպ, դեռեւս չհաստատված տեղեկություններ են տարածվել, թե Վարդան Թումանյանի սպանության ողջ մեղքն ուրիշն է իր վրա վերցրել: Սպանված ազատամարտիկի քույրը` Մարիետա Թումանյանը, լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը սարսափելի քայլերի կդիմի, քանի որ նման մարդիկ իրավունք չունեն ազատության մեջ մնալու: Համաձայնեք, որ նման մարդուն ազատ արձակելը անարգանք է ոչ միայն օրենքի ու մարդկության, այլեւ ազատամարտիկների հոգու առջեւ: Սրիկայությունն ավելի մեղմ բառ է, որով կարելի է բնութագրել Ջունգլին ազատ արձակելու մասին որոշումը:
ԴԻՄԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակային կոչով դիմել է ոստիկանությանը` «պահանջելով կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները՝ անկախ օրվա կառավարող ռեժիմի տված հրահանգներից: Այդ նպատակով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ոստիկանությունից պահանջում է համապատասխան կարգախմբեր հատկացնել ս.թ ապրիլի 8-ին, ժամը 13:00-15:00 Արթիկում եւ ժամը 16:30-18:00 Վանաձորում անցկացվող մեր հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար»: