Շաբաթ օրը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի նախաձեռնությամբ իշխող ՀՀԿ-ի կանայք մեծ շուքով այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հոլիվուդյան ժպիտներով «հարամեցին» այցի խորհուրդը: ՀՀԿ-ականներն արդեն 3 օր է՝ փորձում են արդարացնել կանանց բարձր տրամադրության պատճառներն ու նրանց պահվածքի տրամաբանությունը, բայց դեռ չի ստացվում:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, ծաղիկներ դրեցին՝ հայտարարելով, թե իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ կոչ անում աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության: Բայց ողջ գործընթացը ուղեկցվեց ժպիտներով, հռհռոցներով ու անհասկանալի ուրախ տրամադրությամբ: Քայլերթի ընթացքում Հերմինե Նաղդալյանը մանկապարտեզի դասվարի պես դեմքով կանգնեց կանանց «աստղաբույլի» առջեւ եւ լայն ժպիտով վեր բարձրացնելով ձեռքի եղած ծաղիկները՝ սկսեց տատանել դրանք, նույնը պահանջեց դիմացիններից: ՀՀԿ կանայք մեկ մարդու պես հոլիվուդյան ժպիտներ «նկարեցին» իրենց դեմքին, բարձրացրին ձեռքների ծաղիկները՝ «ներկա-բացական» հաջողությամբ ավարտելով: Տպավորություն էր, թե ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա կին թիմակիցները ապրիլի 7-ի առիթով են հավաքվել եւ ուրախանում են իրենց ստացած ծաղիկներով: Այդ ընթացքում ԱԺ փոխխոսնակը հասցրեց նաեւ ինքնանկար (սելֆի) անել՝ լայն ժպիտով: Նրանք թերեւս մոռացել էին, որ այնտեղ, ուր հռհռում էին, գերեզման է, իսկ գերեզմանում չեն ծիծաղում, սգում են: Հիշեցնենք, որ 1996թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:
Իսկ թե խրախճանք հիշեցնող միջոցառմամբ ինչպես կարող են իշխող կուսակցության «մայրերը» ողջ աշխարհին ստիպել՝ «ոչ ասելու ցեղասպանություններին», փոքր-ինչ դժվար է պատկերացնել: Նրանք մեծ շուքով «անմոռուկ փարթի» իրականացրին՝ խայտառակելով մեր երկիրը, արժեզրկելով մեր պահանջատիրությունը, Թուրքիային ու Ադրբեջանին առիթ տալով ծիծաղել մեզ վրա… Եւ փոխանակ գիտակցեն այս իրավիճակն ու ներողություն խնդրեն թույլ տված, գուցե, ակամա սխալի համար, հանրապետականներն ավելի են խորացնում լարվածության ու հասարակական բարկության չափաբաժինը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, yerkir.am-ի հետ զրույցում փորձելով արդարացնել ՀՀԿ կանանց խրախճանքը Ծիծեռնակաբերդում, անհեթեթ ու ամոթալի մի նախադասություն է արտաբերել. «Էդ լաց ու կոծին մենք պետք է վերջ դնենք, մենք պետք է լինենք ավելի խրոխտ, ավելի պահանջատեր: Ինչ էլ անենք, միեւնույն է, քննադատելու են: Բա իշխանությունը դրա համար է, որ քննադատեն»: Ստացվում է, որ իշխանության երեսը անհասկանալի նյութից է պատրաստված, եւ իմունիտետ ունեն նրանք քննադատությունների նկատմամբ. այլեւս չեն ամաչում, վատ չեն զգում հասարակական կարծիքից: Անգամ զոհերի հիշատակը կարող են պղծել ու հանգիստ խղճով քնել:
Հավելենք, որ երեկ ՀՀԿ կանանց խորհրդի մի քանի անդամներ մեռելոցի առիթով հանգուցյալների հետ «շփվելուց հետո» հավաքվել եւ քննարկում էին՝ ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել քննադատությունների տարափին, որ թափվել է իշխող կուսակցության ու կանանց թիմի գլխին: Մի քանի ժամ տքնելուց հետո երեկոյան ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ոչինչ չասող մի հայտարարություն էր տարածել: «Համատեղելով մեր ջանքերը՝ պիտի կարողանանք հասնել հայության նպատակների իրագործմանը՝ աշխարհին ավելի հասկանալի դառնալով մեր պատմությամբ, նպատակներով, ներկայի ու ապագայի խնդիրները լուծելու մեր ցանկությամբ: Լինել ընդդեմ ցեղասպանության եւ ցեղասպանության ժխտողականության պայքարողների կողքին, նշանակում է լինել ճշմարտության եւ արդարության կողքին, առաջնորդվել համամարդկային, ոչ թե օրընթաց շահերով»,- հայտարարեց Նաղդալյանը:
Իհարկե, անիմաստ է այս տեքստում իրավիճակի ադեկվատ արձագանք գտնելու փորձեր անելը, քանի որ ոչինչ չասող «տրաֆարետային» խոսքեր են:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՎԵՐԱՆԱԼՈՒ Է ԴՈԼԱՐՈՎ, ԵՎՐՈՅՈՎ ԿԱՄ ՅՈՒԱՆՈՎ ԱՌԵՎՏՈՒՐԸ
REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Վեցնյակի եւ Իրանի միջեւ ավարտված բանակցություններին, ինչպես նաեւ` Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Կոլերովը ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ցանկացած պայմանագիր կմնա միայն թղթի վրա:
-Պարո՛ն Կոլերով, այս օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, հատկապես Իրանի շուրջ: Վեցնյակի եւ Իրանի միջեւ բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Դեպքերի նման զարգացումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի վրա:
-Այդ որոշումները, եթե նույնիսկ իրագործվեն, ոչ մի կերպ չեն անդրադառնա Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքի վրա:
-Բայց Իրանը, որպես մեծ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր, խնդիրներ չի՞ ստեղծի Ռուսաստանի համար, չէ՞ որ մրցակցության հարց կառաջանա:
-Իրանական նավթի առաքումն արտաքին շուկա պատճառ կդառնա նավթի գների նվազման համար: Բայց ուժերի նոր դասավորվածությունը տարածաշրջանում հետեւանք կլինի դրանց բարձրացման: Այնպես որ, բոլոր մինուսները բալանսի մեջ կլինեն պլյուսների հետ:
-Այնուամենայնիվ, տարին վատ է սկսվել Ռուսաստանի համար. տարբեր սանկցիաներն ու ճգնաժամը զարգացման հնարավորություն չեն թողնում, եւ դրանից տուժում են նաեւ ինտեգրացիոն գործընթացները:
-Ռուսաստանի դեմ սանկցիաներն, իհարկե, մտահոգիչ են: Բայց վատ է այն պատճառով, որ Ռուսաստանը շատ էր կախված Արեւմուտքի տնտեսությունից: Այժմ սեփական տնտեսությունը ստեղծելու եւ զարգացնելու առիթ կա, որը հնարավորություն կտա դադարել, լինել Արեւմուտքի տնտեսական գաղութը: Դա ուղիղ վերաբերում է ԵՏՄ-ին. եթե միության անդամները ցանկանում են գոյատեւել, պետք է միասին ստեղծեն իրենց անկախ տնտեսությունը: Եթե չէ, ապա կվերածվեն Ուգանդայի:
-ՌԴ նախագահը խոսել է ԵՏՄ-ում միասնական արժութային միության ստեղծման մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում նման միության ստեղծումը եւ արդյոք այն որեւէ կերպ կօգնի Ռուսաստանին կախված չլինել Արեւմուտքից:
-Այն դեռ չի ստեղծվում, սակայն այդպիսի նպատակ չի հետապնդում, եւ մենք հիմա էլ կախված ենք Արեւմուտքից: Իսկ երբ այն ստեղծվի, ուղղակի ԵՏՄ երկրների համար կհանդիսանա ֆինանսական հավասարակշռություն պահպանելու միջոց, որը, սակայն չի նշանակում, թե վերանալու է դոլարով, եվրոյով կամ յուանով առեւտուրը: Թե երբ այն կստեղծվի, ոչ ոք չի կարող ասել:
-Վերջերս ՌԴ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Չինաստանում, որտեղ հաջող բանակցություններ են ընթացել: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանը որեւէ պայմանագիր կարող է ստորագրել Եվրոպական միության հետ: Արդյոք Մոսկվան անհանգստացա՞ծ է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ եւ թույլ կտա՞ այդքան հեռուն գնալ:
-Հայաստանը Ռուսաստանից թույլտվություն չի հարցնում, թե ուր գնա եւ չպիտի հարցնի: Չինաստանը Ռուսաստանի մոտ գործընկերն է, որը ռազմավարական նպատակներ ունի Կովկասում, եւ մենք հարգում ենք դա: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, ապա ես վստահ եմ, որ այն կմնա միայն փաստաթղթի վրա: Հակառակ դեպքում Հայաստանը պետք է փակի իր Մեծամորի ատոմային էլեկտրակայանը, որը պահանջում է ԵՄ-ն:
-Իսկ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Հայաստանում հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ եւ նշեց, որ Հայաստանն ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում խնդիրների կհանդիպի: Ըստ Ձեզ` սա զգուշացո՞ւմ էր:
-Ես չեմ կարող մեկնաբանել Նարիշկինի հայտարարությունները, քանի որ նա աչքի է ընկնում իր ուրույն մոտեցումներով եւ հանդես է գալիս ուժեղ հայտարարություններով նաեւ Ադրբեջանում եւ Ղրղզստանում: Նա Պետդումայի ներկայացուցիչ է, այլ ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը կամ էլ ՌԴ նախագահը, ովքեր էլ ղեկավարում են երկրի արտաքին քաղաքականությունը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԳՅՈՒՄՐԻՆ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառվել է 119 հազար 300 մարդ. սա ազատ, անկախ ու ապահով Հայաստանի երկրորդ քաղաքի բնակչության ցուցանիշն է, որն այսօր ընդունվում է որպես պաշտոնական վիճակագրական տվյալ: Իսկ խորհրդային ժամանակներում ու նույնիսկ հետանկախության առաջին շրջանում, մինչ արտագաղթի ծավալումը, Գյումրիի բնակչությունը հատել է 200 հազարը: Միաժամանակ, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակ Գյումրիից անվերադարձ կերպով հեռանում է հինգ հարյուր մարդ: Մոտավոր հաշվարկներով ստացվում է` ամեն օր Գյումրիից հեռանում է հինգ – վեց հոգուց բաղկացած մեկ ընտանիք:
Կարճ ասած, Գյումրին աստիճանաբար ամայանում է: Քաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է տեսնել փակ խանութներ` «վաճառվում է» ցուցանակով, պատերին` հայտարարություններ վաճառվող բնակարանների, տների ու անշարժ գույքի այլ տեսակների մասին: Ընդ որում, բոլոր վաճառողները բողոքում են, որ գնորդ չկա: Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալների` Գյումրիում անշարժ գույքի շուկայում այս պահին դիտվում է ընդհանուր անկում, ինչը, սակայն, զարմանալիորեն, չի ազդում անշարժ գույքի գների կամ միավոր քառակուսի մետր տարածքի արժեքի վրա (մեկ մետր քառակուսին` 309 հազար ՀՀ դրամ):
Բնականաբար, Գյումրու աստիճանական ամայացման այս պրոցեսն ազդում է քաղաքի ընդհանուր կյանքի վրա: Դա զգալի դարձավ նաեւ նախորդ տարի, երբ ֆիննախը Գյումրիին հատկացվող պետական դոտացիայի վերանայում իրականացրեց ու նվազեցրեց այն` պատճառաբանելով, որ քաղաքի բնակչությունը նվազել է: Այս տարի թեեւ Գյումրիին հատկացվող դոտացիան ավելացվեց եւ հասցվեց մինչեւ 2 մլրդ 37 մլն 189 հազար 800 դրամի, սակայն ավելացումը ոչ թե բնակչության աճի հաշվին է եղել, այլ, ինչպես քաղաքի ֆինանսական պատասխանատուներն են նշում, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի աճի, ինչը նշանակում է, որ դոտացիայով մարդիկ ուղղակի իրենց հասանելիք օրինական աշխատավարձերը կստանան, եւ ոչ մի խնդիր չի լուծվի Գյումրիում. քաղաքը կշարունակի մնալ ցեխի, քանդվող փողոցների ու վատ կենսապայմանների մեջ:
Արտագաղթը զգալի է նաեւ Շիրակի մարզի այլ բնակավայրերում: Դոտացիոն հատկացումների հաշվով եթե դիտարկենք, ապա մարզի 119 համայնքին տրամադրվել է 4 մլրդ 168 մլն դրամի դոտացիա, ինչը անցյալ տարվա համեմատ թեեւ ավելին է, սակայն դա հարաբերական է, քանի որ մարզի 79 համայնքում գումարն աճել է՝ ի հաշիվ հարկային մուտքերի ավելացման, 8-ում նվազել է բնակչության քանակի անկման պատճառով, իսկ 31 համայնքում էլ փոփոխության չի ենթարկվել, քանի որ հիշյալ համայնքները կարողացել են հողի հարկի, գույքահարկի եւ այլ հարկային եկամուտները պահել նույն մակարդակի վրա:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի