Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության կազմակերպած շաբաթօրյա ներկայացումը երեկ ունեցավ իր շարունակությունը. միայն թե՝ փոխվել էր գլխավոր դերակատարը: Այս անգամ կոռուպցիայի ու նման բոլոր բացասական երեւույթների դեմ սկզբունքային պայքար մղող պաշտոնյայի, «կացին ախպոր» դերը ստանձնել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես օրեր առաջ Սերժ Սարգսյանն էր իրեն կոպիտ տոնով, ամենավերջին բառերով դիտողություններ անում, այնպես էլ Տիգրան Սարգսյանն էր երեկ ելույթ ունենում կառավարության նիստերին. ընդ որում, գրեթե նույն բառապաշարով: Միակ տարբերությունն այն էր, որ նա նախարարներին միայն անունով կամ մականունով չդիմեց:
Եվ այսպես. կառավարության նիստի սկզբում նախ բեմադրվեց վարչապետ Տիգրան Սարգսյան-ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան երկխոսությունը: Թեման գնումների գործակալությունում բացահայտված չարաշահումներն էին, որոնց մասին շաբաթ օրը ծավալուն մենախոսությամբ էր հանդես եկել Սերժ Սարգսյանը: Բնականաբար, պարզվեց, որ գնումների գործակալությունում բացահայտված չարաշահումների մեղավորներն այնքան էլ պաշտոնյաները չեն, այլ իրավական-նորմատիվային համակարգը: Այնուամենայնիվ, ըստ Վաչե Գաբրիելյանի՝ կարելի է գրել ցանկացած կանոնակարգ, որը պարզապես կարող է չկատարվել: Ու այստեղ Տիգրան Սարգսյանը որոշեց պաշտոնանկ անել գնումների գործակալության ղեկավարությունը այդ գերատեսչության պետ Հակոբ Բեգլարյանի՝ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր գլխավորությամբ: «Բոլոր նախարարներին. հաշվի՛ առեք, այսուհետեւ ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն: Այսուհետեւ նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետեւ ամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու»,- շշպռեց Տիգրան Սարգսյանը:
Հետո նա անդրադարձավ քաղաքաշինության ոլորտին. Սերժ Սարգսյանը շաբաթօրյա մենախոսության մեջ մատնացույց էր արել Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ բացահայտված չարաշահումները: Նախ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը խոսեց այդ գործով կատարված ուսումնասիրությունների մասին: Պարզվեց՝ 690 մլն դրամի գումար է ծախսվել: «Ընդ որում, նախագծային առաջադրանքով նախատեսվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կոնստրուկտիվ միջոցառումներ, որոնք չեն իրականացվել»,-որպես օրինակ մատնանշեց նախարարը՝ անուղղակի կերպով չարաշահումների մեղքը բարդելով իր նախորդի՝ ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի վրա, երբ հայտարարեց, թե այդ աշխատանքների իրականացումը սկսվել է 2008 թվականին եւ ավարտվել 2011 թվականի դեկտեմբերին: «Ուղղակի խայտառակություն է… Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ` ուսումնասիրություն կատարել եւ բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին` ոչ միայն այս դեպքով, այլեւ ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում: Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարեւորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու: Անհապաղ սկսել աշխատանքները եւ կոնկրետ այս նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին»,-դեմքի ամենալուրջ արտահայտությամբ զայրանալով՝ փորձեց Սերժ Սարգսյանին նմանվել վարչապետը: Այսքանով ներկայացումը համարվեց ավարտված: Ու կառավարությունն անցավ նիստի օրակարգում ընդգրկված կետերին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ներկայացման մենախոսության մեջ մի առանձին դրվագ էր զբաղեցնում վարչապետի հասցեին քննադատությունը: «Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա՛ն, շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական: Մենք չորս տարի է՝ քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են»,- ասել էր Ս. Սարգսյանը: Հետաքրքիրն այն է, որ Տիգրան Սարգսյանը երեկ կրկնեց Սերժ Սարգսյանի մենախոսության գրեթե բոլոր հատվածները՝ բացառությամբ այս մեկի: Թե ինչու էր նա հենց այս հատվածը մոռացել ու ինչու դիտողությունների այդ հատվածը հետեւանքներ չունեցավ, մնում է միայն կռահել:
Հ.Գ. Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթն ընդդիմության ու հասարակության կողմից լուրջ քննադատության արժանացավ. շատերի ամենաանընդունելի հատվածն այն էր, որ վարչապետին ու նախարարներին դիմում էր անուններով, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի դեպքում՝ «Դերո»: Մինչդեռ, հարկ է հիշեցնել, որ նման խոսելաոճը Սերժ Սարգսյանի համար ամենեւին էլ նորություն չէ. 2008թ. օգոստոսի 21-ին հարկային եւ մաքսային ծառայությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ էլ այդ ոլորտի պատասխանատուներին ամենախիստ քննադատության ենթարկելիս հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բաղդասարյանին դիմել էր «արա»-ով: Այնպես որ, «արա»-ի համեմատ՝ Դերենիկին «Դերո» ասելը նույնիսկ առաջընթաց է:
«ՍԵՐԺ ԵՎ ՏԻԳՐԱՆ» ՏՐԱԳԻԿԿՈՄԵԴԻԱ. ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ